Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 2163 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ «ՌԵՆԵՍԱՆՍ» ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 63-րդ և 65-րդ հոդվածներով, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ Արման Սահակյանի և Վարտան Սիրմակեսի (այսուհետ միասին՝ ներդրող) կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում «Ռենեսանս» թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ներդրումային ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:
4. Սահմանել, որ՝
1) անշարժ գույքը ներդրողին է տրամադրվում անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերության պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա.
2) պայմանագիրը կնքվում է հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուց հետո 15-օրյա ժամկետում.
3) պայմանագրի անբաժանելի մաս է հանդիսանում ներդրողի կողմից կազմված և սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն համաձայնեցված՝ ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ժամանակացույցն, ըստ ծրագրի իրականացման փուլերի:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել պայմանագրի կնքումը, դրանում ամրագրելով հետևյալ պարտադիր պայմանները.
1) ներդրողը պարտավորվում է՝
ա. անշարժ գույքն օգտագործել բացառապես ներդրումային ծրագրի իրականացման նպատակով,
բ. նախքան ներդրումային ծրագրի մեկնարկն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշման N 2 հավելվածում նշված տարածքների ինժեներաերկրաբանական հետազոտություն, շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն, պատմամշակութային արժեքավորության գնահատում և այդ աշխատանքների արդյունքում արված առաջարկությունների իրականացումը ներառել ներդրումային ծրագրում,
գ. հաշվի առնելով ներդրումային ծրագրի համար նախատեսվող տարածքի՝ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում գտնվելու հանգամանքը՝ նախագծային փաստաթղթերի մշակման փուլում՝ քաղաքաշինական և ճարտարապետական լավագույն լուծումների ընտրության նպատակով, համագործակցել մասնագիտացված կազմակերպությունների և ճարտարապետական հանրության հետ,
դ. պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումից հետո 15-օրյա ժամկետում նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար դիմել Գյումրու համայնքապետարան.
ե. քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի՝ սահմանված կարգով քննարկման ու հաստատման փուլ անցնելուց հետո՝ շինարարության թույլտվություն ստանալուն հաջորդող 10-օրյա ժամկետում, մեկնարկել ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները,
զ. ներդրումային ծրագիրն իրագործել նախատեսված ժամկետում՝ սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ժամանակացույցի համաձայն,
է. ներդրումային ծրագրի ավարտից հետո՝ երկամսյա ժամկետում թաղամասի սպասարկումն իրականացնելու նպատակով, ընդհանուր օգտագործման տարածքները և սույն որոշման N 2 հավելվածում նշված հողամասերի չկառուցապատված մասը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել համայնքին,
ը. ներդրումային ծրագիրը սահմանված ժամկետում չավարտելու դեպքում պետական բյուջե վճարել 100,000.0 հազ․դրամ տուգանք.
2) պայմանագրի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ներդրողը պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) ներդրումային ծրագիրը սահմանված ժամկետում ներդրողի կողմից չավարտվելու դեպքում պայմանագիրը լուծվում է, իսկ անշարժ գույքը՝ կատարված բարելավումներով հանդերձ, վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը.
4) պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը վճարվում են ներդրողի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝
1) ապահովել սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ներդրողի կողմից կազմված ժամանակացույցը շահագրգիռ մարմինների հետ քննարկելու գործընթացը, որից հետո ժամանակացույցի համաձայնեցված տարբերակը ոչ ուշ՝ քան պայմանագրի կնքմանը նախորդող 5 աշխատանքային օր առաջ, տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին.
2) աջակցել Գյումրի համայնքին՝ ներդրումային ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական բնութագրի և նախագծման առաջադրանքի մշակման աշխատանքների իրականացման հարցում:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023