Կառավարության որոշումներ

17 Դեկտեմբերի 2020, 2070 - Լ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2021-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2021-Լ որոշման հավելվածի 1-ին կետում «այդ համայնքներում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում» բառերով։
2. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
3. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուների ցանկը։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված մինչև 18 տարեկան երեխաների տվյալները (բացառությամբ այն դեպքերի, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ այդ երեխան հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով)։
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կորցրած քաղաքացիներին աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

հավելված

Արխիվ

2024

2023