Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2020, 2055 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փող. N 2/2 հասցեում գտնվող 4448,79 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից 926.15 քառ.մետրը նկուղային հարկ) շենքը (այսուհետ՝ անշարժ գույք) (գրանցման ամսաթիվը՝ 19.07.2011 թ. գրանցման համարը՝ 2803673) 50 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ԷՅԷԼՋԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ԿՈՆՑԵՊՏ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) (գրանցման համարը՝ 286.120.1028075, հասցեն՝ Հայաստանի Հանրապետության, քաղ. Երևան, Ագաթանգեղոսի փող. 2)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) ընկերությունը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 36 ամսվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.
2) ընկերությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում ընկերությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.
5) ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
6) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին: