10 Դեկտեմբերի 2020, 2039 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1644-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 6-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1644-Ա որոշման 1-ին կետը։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Այրվածքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ կնքել 2020 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված շարժական գույքի անհատույց օգտագործման N 02/2020 պայմանագրում սույն որոշման 3-րդ կետից բխող համաձայնագիր։