9 Փետրվարի 2006, 291 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները ՝
ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» և «թ» ենթակետերով.
«ը) ամբողջ բնակչության համար առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնությունը (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնությունից, որն անվճար է միայն սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված անձանց համար) սկսած 2006 թվականի հունվարի 1-ից իրականացվում է անվճար.
թ) անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության պարտադիր ծավալները, ինչպես նաև ոչ պարտադիր բժշկական օգնության տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը».
բ) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» և «ե» ենթակետերով.
«դ) բուժհաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի.
ե) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների ձեռքբերման ու բաշխման կարգը` համաձայն N 5 հավելվածի».
գ) որոշմամբ հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում`
հանել «65 և ավելի բարձր տարիքի անձինք (միայն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում)» բառերը,
16-րդ պարբերությունից հանել «և ամբուլատոր-պոլիկլինիկական» բառերը,
1-ին տողում «38.00» թիվը փոխարինել «36.00» թվով,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Մինչև 8 տարեկան երեխաներ և 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց (մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության գծով)».
դ) որոշմամբ հաստատված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգի`
7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալների վերաբերյալ կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների գումարի չափով նվազեցումները կատարվում են ընթացիկ տարվա ֆինանսավորման գումարներից»,
8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակներում կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է կանխավճարային սկզբունքով՝ հունվար և փետրվար ամիսներին տարեկան պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության մինչև 1/3-րդի չափով, մարտ ամսվանից սկսած՝ փաստացի ներկայացված աշխատանքների ծավալների չափով: Պայմանագրային ժամանակահատվածի վերջում իրականացվում է ֆինանսավորման ճշտում՝ ելնելով փաստացի ընդունված աշխատանքների ծավալներից»,
ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 81-րդ կետով.
«81. Հատուկ բժշկական ցուցումների դեպքում համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն կարող է տրամադրվել նաև`
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված ուղեգրով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ կնքված պայմանագրային ֆինանսական ծավալների սահմաններում,
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից տրված ուղեգրով` իր հիմնադրած և պետական պատվեր իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ կնքված պայմանագրային ֆինանսական ծավալների սահմաններում,
Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից տրված ուղեգրերով` իրենց հիմնադրած կամ տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպություններում` յուրաքանչյուր կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ կնքված պայմանագրային ֆինանսական ծավալների 5 տոկոսի սահմաններում,
պետական պատվեր իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից գլխավորվող բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` տվյալ կազմակերպության հետ բուժօգնության իրականացման վերաբերյալ կնքված պայմանագրային ֆինանսական ծավալների 4 տոկոսի սահմաններում».
13-րդ կետից հանել «և բժշկասոցիալական վերականգնման ու աշխատունակության փորձաքննության իրականացման» բառերը,
15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
III գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ
(ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ) ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ
ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
23. Բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 396 որոշմամբ հաստատված ցանկերում ներառված խմբերին և հիվանդություններով տառապող անձանց, ընդ որում, հիմնական դեղորայքի ցանկը և տրամադրման կարգը սահմանում է նախարարը:
24. Յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության համար «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության» պայմանագրային ծավալը որոշվում է`
ա) առողջության առաջնային պահպանման տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների կաբինետների մասնագետի համար տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով.
բ) անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման համար՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով.
գ) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով) կողմից ամբուլատոր պայմաններում առանձին հիվանդությունների (ցանկը հաստատվում է նախարարի կողմից) բուժման համար տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով.
դ) մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը) և լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) համար՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվով միջինացված գումարի արտադրյալով.
ե) մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության համար` նախարարության կողմից սահմանված կարգով.
զ) մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության համար`
հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից նախորդ տարվա ընթացքում փաստացի սպասարկված հղիների միջին թվի ու նախարարի կողմից մեկ հղիի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.
իգական սեռի անձանց գինեկոլոգիական բուժօգնության (ներառյալ 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի գնահատումը) մասով՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող իգական սեռի անձանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.
հղիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից նախորդ տարվա ընթացքում փաստացի սպասարկված հղիների միջին թվի և նախարարի կողմից մեկ հղիի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.
իգական սեռի անձանց (ներառյալ 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի գնահատումը) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով՝ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող աղջիկների և կանանց թվի ու նախարարի կողմից մեկ կնոջ համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) գնի արտադրյալով.
մանկաբարձ-գինեկոլոգի կողմից ամբուլատոր պայմաններում առանձին հիվանդությունների բուժման մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական բնակվող աղջիկների և կանանց թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով` մեկ բնակչի հաշվով` միջինացված գումարի արտադրյալով.
է) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց իրականացվող փորձաքննության համար զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների և բուժքույրերի մասով՝ հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների (բժիշկ-փորձագետներ և բուժքույրեր) թվի և մեկ մասնագետի համար հաստատված գնի արտադրյալով:
25. Հեմոդիալիզի անցկացման համար պայմանագրային գումարները որոշվում են նախարարության կողմից՝ ըստ հեմոդիալիզ իրականացնող հիվանդանոցների համար հաստատված հիվանդների թվի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և մեկ սեանսի գնի արտադրյալով:
26. Պատվիրատուն յուրաքանչյուր առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) կազմակերպության հետ կնքում է պայմանագիր՝ սույն կարգով հաշվարկված ծավալի չափով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից:
Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առողջապահական ծրագրերին հատկացված միջոցների սահմաններում տվյալ տարվա ընթացքում նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ կազմակերպությունների պայմանագրային գումարներում:
27. Պատվիրատուի կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ֆինանսավորումն իրականացվում է՝
ա) առողջության առաջնային պահպանման՝ տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների կաբինետի մասնագետի, ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված (ներառյալ ընտանեկան բժիշկների կողմից իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը), մանկաբարձագինեկոլոգիական (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության և գինեկոլոգիական բուժօգնության համար) բուժօգնության մասով՝ ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում պայմանագրով նախատեսված մշտական բնակվող անձանց թվով՝ նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) ամսական կտրվածքով` մեկ բնակչի հաշվով դիֆերենցված գներով:
Տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների գյուղական բժշկական ամբուլատորիաներ և բուժակ-մանկաբարձական կետեր այցերի, պոլիկլինիկաներում իրականացվող ազատ ընդունելության օրերի, ինչպես նաև հրավիրված մասնագետների աշխատանքի կազմակերպման և փոխհատուցման կարգը սահմանում է նախարարը.
բ) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, մանկաբարձ - գինեկոլոգի կողմից ամբուլատոր պայմաններում առանձին հիվանդությունների բուժման, մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության, լաբորատոր - գործիքային հետազոտությունների (ներառյալ ընտանեկան բժշկի կողմից իրականացվող, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) և մանկաբարձագինեկոլոգիական օգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան, գինեկոլոգիական բուժօգնության նպատակով իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար) մասով փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայությունների համար հաշվարկված տարեկան պայմանագրային ծավալը.
գ) անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի մասով՝ բնակչությանը փաստացի տրամադրված դեղորայքի գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան դեղորայքի տրամադրման համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը.
դ) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց փորձաքննություն իրականացնող զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների և բուժքույրերի մասով՝ հանձնաժողովներում ընդգրկված փաստացի մասնագետների (բժիշկ-փորձագետներ և բուժքույրեր) թվով՝ մեկ մասնագետի համար հաստատված գումարով:
28. Պատվիրատուն ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով փոխհատուցումը կատարում է յուրաքանչյուր տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Առողջապահություն» խմբի «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն» ենթախմբի համապատասխան ծրագրերով նախատեսված գումարներից:
29. Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված բնակչության պլանային հոսպիտալացումն իրականացվում է տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի և ընտանեկան բժշկի կողմից հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների վերաբերյալ տրված ուղեգրերով:
30. Յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքը և սպասարկվող բնակչության թիվը հաստատում են Երևանի քաղաքապետը և Հայաստանի Հանրապետության մարզպետները` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա սկզբի դրությամբ բնակչության թվի վերաբերյալ տրամադրված տվյալների հիման վրա: Պայմանագրերը կնքելու պահին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից նախկինում տրված բնակչության թվի փոփոխության դեպքում, նախարարության կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, կատարվում է նորմատիվների և միջինացված գների վերահաշվարկ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր