Կառավարության որոշումներ

12 Նոյեմբերի 2020, 1793 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿ-ՀԱՎԱՍՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև երկրորդ նամակ-հավաստագրին` համաձայն հավելվածի:
2. Համաձայնություն տալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխանցմանը` Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրանցված «Ամերիքն Ինթերնեյշնլ Էյրփորթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից Լյուքսեմբուրգի մեծ դքսությունում գրանցված «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս Ս.Ա.» ընկերությանը:
3. Համաձայնություն տալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը, ի թիվս այլոց, «Կրեդիտ Սվիս» ԱԳ-ի Լոնդոնի մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԴԷԳ - Դոյչե Ինվեստիցիոնս-ունդ Էնտվիքլունգսգեզելշաֆթ էմ-բե-Հա-ի հետ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված վարկային պայմանագրով պարտավորությունների կատարման վերջնաժամկետի երկարաձգմանը՝ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
4. Համաձայնություն տալ Քրեդիթ Սվիս ԱԳ-ի Լոնդոնի մասնաճյուղի, որպես վարկային գործակալի և ապահովման գործակալի, իրավունքների և պարտավորությունների փոխանցմանը «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը:
5. Համաձայնություն տալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը կնքել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության և, ի թիվս այլոց, «Կրեդիտ Սվիս» ԱԳ-ի Լոնդոնի մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԴԷԳ - Դոյչե Ինվեստիցիոնս-ունդ Էնտվիքլունգսգեզելշաֆթ էմ-բե-Հա-ի հետ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված վարկային պայմանագրի կապակցությամբ պահանջներից հրաժարման, փոփոխություններ կատարելու և գործակալի փոխարինման մասին պայմանագրի կնքմանը, որով, ի թիվս այլոց (այն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը չպահանջող փոփոխություններից բացի), կնախատեսվեն սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված փոփոխությունները:
6. Համաձայնություն տալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը և դրա բաժնետիրոջը կնքել իրենց ցանկացած ակտիվների (ներառյալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի և ցանկացած ակտիվների՝ ներառյալ առանց որևէ սահմանափակումների, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանի անշարժ գույքի ու շարժական գույքի, ինչպես նաև դրանց նկատմամբ այն իրավունքների, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի դեկտեմբերի 17-ի կոնցեսիոն պայմանագրով և դրա լրացումներով հանձնվել են կոնցեսիոն կառավարման) նախկինում կնքված գրավների պայմանագրերի համապատասխան փոփոխություններ` սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված փոփոխությունների կապակցությամբ:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում ստորագրել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած՝ երկրորդ նամակ-հավաստագիրը:

Հավելված