Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2020, 1746 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 154-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կազմակերպել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի (այսուհետ՝ կամուրջ) օտարման գոտու սահմաններում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի Բագրատաշեն գյուղում գտնվող 11-016-0236-0092 կադաստրային ծածկագրով հողամասի վրա տեղակայված 357.58 քառ. մետր մակերեսով ծածկարանի, 6 հատ՝ յուրաքանչյուրը 12.59 քառ. մետր մակերեսով, տաղավարների ապամոնտաժման, 26 մետր երկարությամբ պատի և 43 քառ. մետր մակերեսով տանիքավոր մայթի քանդման աշխատանքների իրականացումը:
2. Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի շրջանակներում թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն օրենսդրական ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կազմակերպել կամրջի օտարման գոտու սահմաններում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի Բագրատաշեն գյուղում գտնվող
11-016-0236-0092 կադաստրային ծածկագրով հողամասի վրա տեղակայված 84 քառ. մետր մակերեսով շենքի քանդման աշխատանքների իրականացումը:
3. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքի քանդման և ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են կամրջի շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված 1049 ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշեն անցման կամրջի վերակառուցման վարկային ծրագիր» 21008 միջոցառման «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածի հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո ապամոնտաժված ծածկարանը և 6 հատ տաղավարները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կարիքների համար ոչ պիտանի լինելու դեպքում օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով օտարելու նպատակով:
4. Սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի տեղափոխման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի ապամոնտաժման աշխատանքներն ավարտելուց հետո 3-ամսյա ժամկետում ապահովել տվյալ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ յուրաքանչյուրին իր մասով՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույքի (բացառությամբ ծածկարանի և 6 հատ տաղավարների) քանդման աշխատանքների ավարտից հետո 2-ամսյա ժամկետում ապահովել ապամոնտաժված գույքը հաշվեկշռից հանելու գործընթացը:
 

Արխիվ

2024

2023