29 Հոկտեմբերի 2020, 1743 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ
փոփոխությունը և լրացումները՝
1) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Քրեակատարողական հիմնարկներում արգելվում են տեսակցություններ (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.
«15.1. Քրեակատարողական հիմնարկներում թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում, անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ:».
3) 22-րդ կետում՝
ա. «փաստաթղթի» բառից հետո լրացնել «կամ դրա պատճենի (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը)» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) պետք է լինի տեսանելի, իսկ դրանում առկա տվյալները՝ բավարար չափով պարզ և
ընթեռնելի՝ անձի նույնականացումն ապահովելու համար։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։