Կառավարության որոշումներ

26 Հոկտեմբերի 2020, 1720 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը
սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ
ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման N 1 հավելվածում՝
1) 96-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 97.1-ին կետում սահմանված դեպքում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 97.1-ին կետով՝
«97.1. Ռազմական դրության ժամանակ ԿՌԲՀ-ի կողմից զինծառայողների և (կամ) մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան պատճառական կապի որոշումը կարող է ընդունվել առանց սույն կարգի 97-րդ կետում նախատեսված տեղեկանքների առկայության՝ զինծառայողի և
(կամ) մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող քաղաքացու
հիվանդության, վնասվածքի կամ խեղման դեպքի հանգամանքների և սույն կարգի 94-րդ
կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանների բացակայության վերաբերյալ
քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից տրված գրության հիման վրա: Սույն կետով նախատեսված կարգով համապատասխան պատճառական կապի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից սույն
կարգի 94-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանների առկայության
վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում ԿՌԲՀ-ի կողմից տրված պատճառական կապի որոշումը վերանայվում է՝ սույն կարգի 91-րդ կետով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: