16 Հոկտեմբերի 2020, 1690 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1355-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի շրջանակներում սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը։».
2) 4-րդ կետը «5-րդ» բառից հետո լրացնել «և 6-րդ» բառերով.
3) հավելվածի՝
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
3-րդ ենթակետով.
«3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզից 500 տոննան գերազանցող քանակությամբ խաղող մթերող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ,
բ. առնվազն 500 տոննա խաղողը գնել են 1 կիլոգրամն առնվազն 210 դրամով։»,
բ. 4-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
6-րդ ենթակետով.
«6) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզից՝ առնվազն 500 տոննա քանակությունը նվազագույնը 210 դրամով խաղող մթերող (գնող) տնտեսավարող սուբյեկտին դրա մասով մթերված խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրվում է 70 դրամի չափով սուբսիդավորում։ Ընդ որում, նշված քանակության մեջ հաշվի չի առնվում տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող) խաղողը, ինչպես նաև դրա համար սուբսիդավորում չի տրամադրվում։»։