15 Հոկտեմբերի 2020, 1688 - Ա
«ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, 85-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) համար նոր մասնաշենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության
Կոտայքի մարզ, համայնք Եղվարդ ք․, Չարենցի փողոց 196/12 հասցեում գտնվող 0,834 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 07-004-0140-0023) և 2692,1 քառ. մետր ծննդատան մասնաշենքը (կադաստրային ծածկագիր՝ 07-004-0140-0023-001) (այսուհետ՝ անշարժ գույք) շուկայական արժեքի գնահատումից հետո, որպես կանոնադրական կապիտալում ներդրում,
գնահատված արժեքի չափով ներդնել ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ ընկերության հետ համատեղ, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում, սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալում ներդրվող անշարժ գույքի շուկայական արժեքի
գնահատման, անշարժ գույքի ընդունման-հանձնման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի
պետական գրանցման, գնահատված անշարժ գույքն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցման աշխատանքների իրականացումը:
3․ Սահմանել, որ սույն որոշումից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։