10 Սեպտեմբերի 2020, 1504 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ
հոդվածի 7-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 30-ի «Կառուցվող
բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի
տարածքների օտարման գործարքները Հայաստանի Հանրապետության հարկային
օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր
արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին» N 1268-Ն որոշման մեջ կատարել
հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետը «աճուրդային կարգով» բառերից հետո լրացնել «կամ
օրենսդրությամբ թույլատրելի այլ եղանակով» բառերով.
2) 1-ին կետի 2-րդ ենթակետում «, և այդ պահանջը գրանցված է (ենթակա է գրանցման) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով» բառերը փոխարինել «: Գույքն աճուրդային կարգով օտարելու դեպքում այդ պահանջը պետք է գրանցված լինի (ենթակա է
գրանցման) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով» բառերով.
3) 1-ին կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Արդեն իսկ կատարված գործարքների դեպքում հիմք է ընդունվում կառուցված
շենքից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով կնքված և նոտարական կարգով
վավերացված առուվաճառքի պայմանագիրը:».
4) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի գին (ներառյալ ԱԱՀ) է համարվում`
1) կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ
ոչ բնակելի տարածքի ձեռքբերման համար ֆիզիկական անձանց կողմից սնանկ ճանաչված կառուցապատողի հետ կնքված պայմանագրով ամրագրված՝ անշարժ գույքի գնի և
դատարանի համապատասխան որոշմամբ արձանագրված՝ սնանկ ճանաչված կառուցապատողին վճարված գումարի տարբերության ու վճարման ենթակա հավելյալ գումարի
հանրագումարը, կամ
2) կառուցվող (կառուցված) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում
բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռքբերման համար նոր կառուցապատողի հետ
կնքված պայմանագրերի համաձայն նոր կառուցապատողին ֆիզիկական անձանց
կողմից փաստացի վճարված (այդ թվում՝ հավելյալ) գումարները:».
5) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից և տարածվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը դատական կարգով
սնանկ ճանաչված կամ որոշման ընդունման պահին սնանկության վարույթում գտնվող
կառուցապատողների հետ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի
բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման պայմանագրերի առարկա
համարվող գույքի օտարման գործաքների վրա: Սույն որոշման ընդունման պահին սնանկության վարույթում գտնվող կառուցապատողների հետ կնքված շենքերի բնակարանների
և ոչ բնակելի տարածքների օտարման պայմանագրերի առարկա համարվող գույքի
օտարման գործարքների վրա սույն որոշման դրույթները տարածվում են գույքի օտարումն
աճուրդային եղանակով իրականացվելու պարագայում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: