Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2020, 1456 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1358-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով ու 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1358-Լ որոշման (այսուհետ` որոշում) N 1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 4-րդ կետի 3-րդ ենթակետի վերջին պարբերության երկրորդ նախադասության «աջակցության ամսվան նախորդող ավարտված եռամսյակի ընթացքում» բառերը փոխարինել «2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում» բառերով.
2) 4-րդ կետի 3-րդ ենթակետը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Ընդ որում, սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործունեության տեսակներից տվյալ շահառուի իրացման շրջանառությունը հաշվարկելիս հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հաշվի չի առնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը:».
3) 5-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝
«5.1. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տնտեսական գործունեության որևէ ոլորտ դադարում է համարվել միջոցառման իմաստով աջակցության ենթակա ոլորտ, եթե աջակցության ամսվան անմիջապես նախորդող ավարտված եռամսյակի ընթացքում բոլոր տնտեսավարող սուբյեկտների (սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետի 1-ին պարբերության համաձայն որոշված) համապատասխան ոլորտում արտացոլված իրացման շրջանառությունները (հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հաշվի չի առնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը) գերազանցել են նախորդ տարվա նույն եռամսյակի՝ համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունների 70%-ը: Ընդ որում՝
1) ընդհանուր հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 2019 թվականի որևէ եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով շահութահարկի տարեկան հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության ոլորտը և կշիռը.
2) շրջանառության հարկի հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 2019 թվականի որևէ եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով շրջանառության հարկի հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության ոլորտը և կշիռը.
3) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների 2019 թվականի որևէ եռամսյակի իրացման շրջանառությունը որոշվում է տարեկան հաշվետվությամբ արտացոլված իրացման շրջանառության 1/4-րդի չափով, իսկ համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունը` հիմք ընդունելով տվյալ հաշվետվությամբ արտացոլված տնտեսական գործունեության ոլորտը և կշիռը.
4) տնտեսավարող սուբյեկտների 2020 թվականի որևէ եռամսյակի համապատասխան ոլորտի իրացման շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով և (կամ) շրջանառության հարկի հաշվարկներով արտացոլված տնտեսական գործունեության ոլորտը և կշիռը:
Սույն կետով սահմանված ոլորտային իրացման շրջանառությունների համեմատությունը առաջին անգամ իրականացվում է 2020 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների իրացման շրջանառությունները դիտարկելիս։».
5) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ`
«Սույն կարգի իմաստով` 2019 թվականի շահութահարկի հարկային հաշվարկ և (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների տարեկան հաշվետվություն են համարվում մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները:»:
2. Որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Տնտեսավարող սուբյեկտների կողմից օրենքով սահմանված կարգով՝ աջակցության ամսվա համար եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացվելուց հետո, ոչ ուշ, քան այդ հաշվարկը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը, տնտեսավարող սուբյեկտը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իր անձնական էջին ստանում է ծանուցում` միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ, եթե համապատասխանում է սույն միջոցառմամբ սահմանված չափանիշերին։»:
3. Սույն որոշման դրույթները կիրառվում են նաև այն շահառուների նկատմամբ, որոնց 2020 թվականի հուլիս ամսվա համար հաշվարկվող աջակցության գործակիցը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշմամբ սահմանված պայմաններով զրո է։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո և կիրառվում է 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1358-Լ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: