13 Օգոստոսի 2020, 1361 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 152-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի «Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 152-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում՝
ա. «ա» պարբերությունում «վերակառուցում կամ վերանորոգում» բառերը փոխարինել «ընթացիկ նորոգում» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել «գ» պարբերությունը,
գ. «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. պայմանագրի կատարման ապահովություն՝ բանկային երաշխիք, պայմանագրի գնի 10 տոկոսի չափով, աշխատակիցների կյանքի և առողջության ապահովագրություն դժբախտ պատահարներից,».
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում՝
ա. «գ» պարբերությունը «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ ծրագրում փոքր՝ մինչև 100 սնվող ունեցող զորամասեր ընդգրկելու, կամ զորավարժությունների կամ զինվորական վարժանքների կամ զորաշարժերի կամ զորանոցային դրություն հայտարարելու կամ պատերազմական կամ այլ սպառնալից գործոններով պայմանավորված սնվողների քանակն ավելանալու անհրաժեշտության դեպքերի» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբնոր՝ «դ» պարբերությամբ.
«դ. մեկ զինծառայողի մասով մեկ օրվա համար մատուցվող ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը չպետք է գերազանցի 3000 Հայաստանի Հանրապետության դրամը, ներառյալ՝ բոլոր հարկերը,».
3) 2-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.
«գ. կնքված պայմանագրերում կարող են կատարվել փոփոխություններ՝ չկիրառելով կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը,».
4) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) կնքված պայմանագրերի շրջանակներում` մասնավոր գործընկերների կողմից պարենավորման գործընթաց իրականացնելու նպատակով ձեռք բերված՝
ա. ճաշարանախոհանոցային գույքի և սարքավորումների դիմաց իրականացված ծախսերի հաշվարկման համար հիմք են հանդիսանում կազմակերպությունների կողմից ներկայացված՝ ձեռքբերումները հավաստող փաստաթղթերը, իսկ կատարված ծախսերի փոխհատուցումն իրականացվում է զորամասում ապրանքատեսակի փաստացի առկայությունը հավաստող երկկողմանի (զորամասի և կազմակերպության միջև) հաստատված հանձնման-ընդունման ակտի համաձայն՝ կազմակերպության կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության և դուրս գրված հաշիվ ապրանքագրի հիման վրա: Փոխհատուցման ենթակա ապրանքատեսակների անվանացանկը և առավելագույն քանակը ըստ ճաշարանների սնվողների թվաքանակի` հանդիսանում են պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելված,
բ. «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ձեռք բերված և զորամասերում շահագործվող դիզելային գեներատորների դիմաց իրականացված ծախսերի հաշվարկման համար հիմք են հանդիսանում կազմակերպության կողմից ներկայացված՝ գեներատորների ձեռքբերումները հավաստող փաստաթղթերը, իսկ կատարված ծախսերի փոխհատուցումն իրականացվում է զորամասում ապրանքատեսակի փաստացի առկայությունը հավաստող երկկողմանի (զորամասի և կազմակերպության միջև) հաստատված հանձնման-ընդունման ակտի համաձայն՝ կազմակերպության կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության և դուրս գրված հաշիվ ապրանքագրի հիման վրա,
գ. «Մեդիտեք» և «Ռեդի Սթեդի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից կատարված և ավարտին հասցված կապիտալ շինարարական աշխատանքների ծախսերի փոխհատուցումն իրականացվում է վերջիններիս կողմից ձեռքբերումները հավաստող փաստաթղթերի (կատարողական ակտ) զորամասում փաստացի կատարված և երկկողմանի (զորամասի և կազմակերպության միջև) հաստատված հանձնման-ընդունման համաձայն՝ կազմակերպության կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության և դուրս գրված հաշիվ ապրանքագրի հիման վրա:».
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով․
«4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված կանխավճար տրամադրելու անհրաժեշտության առաջացման դեպքում այդ մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և ֆինանսների բնագավառում պետական լիազոր մարմնին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի մարտի 8-ից ծագած հարաբերությունների վրա: