Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2020, 1355 - Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել սույն որոշմամբ հաստատված միջոցառման 4-րդ կետի 5-րդ ենթակետի շրջանակներում վճարված լրացուցիչ պետական տուրքի գումարի չափով օժանդակության տրամադրման ընթացակարգը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում մթերվող խաղողի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգը:
4. Սույն միջոցառման 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների, իսկ 4-րդ կետի 5-րդ ենթակետի շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունները՝ պետական բյուջե մուտքագրված համապատասխան միջոցների հաշվին։

հավելված