30 Հուլիսի 2020, 1276 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված` պետական սեփականություն հանդիսացող՝ Երևանի Արաբկիր, Օրբելու փողոցի 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.004359 հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ՝ 7 716 165 647 դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 716 165 647 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքները՝ 837 299 093 դրամը և 1 105 260 դրամը:
3. Կոմիտեի նախագահին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի (այսուհետ՝ գնորդ) կողմից սույն որոշման 6-րդ կետով սահմանված ժամկետում վճարումներն իրականացնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն 1) հետ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին կնքված թիվ 142/0013 և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն 2) հետ 2016 թվականի փետրվարի 23-ին կնքված թիվ 19/0016 անհատույց օգտագործման պայմանագրերի լուծումը՝ նախատեսելով, որ պայմանագրի լուծման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների դադարման հետ կապված ծախսերն իրականացվելու են համապատասխանաբար կազմակերպություն 1-ի և կազմակերպություն 2-ի միջոցների հաշվին.
4) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով, երեք ամիս հաճախականությամբ, կազմակերպել ևս երկու մրցույթ, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 10 տոկոսի չափով.
5) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը,
բ. գույքը գնորդին է հանձնվում պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում՝ բացառությամբ կազմակերպություն 2-ի կողմից զբաղեցվող տարածքի, որը գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից հետո մեկ տարվա ժամկետում.
6) մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ ներառել Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ներքոհիշյալ տեղեկատվությունը.
«Երևանի Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը ներառված է հասարակական նշանակության գոտում (գործառնական նշանակությունը՝ բուժական) և առաջնահերթ պահանջներից է տարածքում առկա հիմնական և արժեք ներկայացվող կառույցների պահպանումը՝ իրենց ճարտարապետական տեսքով և դրանք ենթակա են միայն վերանորոգման ու հարդարման։ Պահպանելով տարածքի համար նախատեսված գործառնական նշանակությունը, որպես հասարակական օգտագործման, նախատեսել բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր (բացառելով բնակելի կառուցապատումը), որի կազմում հնարավոր է նախագծել նոր կառույցներ, մասնավորապես, համալիրի սպասարկման համար անհրաժեշտ ռեկրեացիոն տարածքներ և այլ օժանդակ շինություններ, միաժամանակ գոյություն ունեցող գլխավոր մասնաշենքի աջ և ձախ հատվածամասերում հնարավոր է առավել բարձր ծավալների շեշտադրում՝ մինչև 12 հարկ։ Կառուցապատման տոկոսն անհրաժեշտ է ընդունել շենք և շինություններ՝ 30%, հողամասի անջրանցիկ զբաղեցվող տարածք՝ 20%, հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ՝ 50%, հաշվի առնելով քննարկվող գոտու առկա լանդշաֆտային առանձնահատկությունները»։
4. Սահմանել, որ՝
1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ).
2) մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով՝ օտարվող գույքի համար առաջարկվող գին՝ 70 %, ներդրումների չափը 30%.
3) գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների և չի կարող գերազանցել չորս տարին, որի հաշվարկն իրականացվելու է համապատասխան մարմնի կողմից շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման պահից։
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման ծառայությունների դիմաց նախատեսված 1 194 625 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին: