Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2020, 1268 - Ն

ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱ-ԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏՈՎ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով համարվում են իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները`
1) նախկին կառուցապատողը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը նոր կառուցապատողը ձեռք է բերել սնանկության վարույթի փուլում՝ աճուրդային կարգով.
2) կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների գնորդ է համարվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այն ֆիզիկական անձը (այդ թվում, այն դեպքում, երբ ֆիզիկական անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար, սակայն բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը ձեռք է բերում որպես ֆիզիկական անձ), ով նույն սնանկության վարույթի շրջանակներում նույն գույքի մասով օրենքով սահմանված կարգով դատարանի կողմից ճանաչվել է որպես պարտատեր, կամ ով կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքի կառուցապատողի հետ ունեցել է այդ նույն կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռքբերման պայմանագիր, և այդ պահանջը գրանցված է (ենթակա է գրանցման) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.
3) առկա է բոլոր շահագրգիռ կողմերի (բազմաբնակարան կամ ստորաբաժանված կիսակառույց շենքը սնանկության վարույթի փուլում աճուրդային կարգով ձեռք բերած նոր կառուցապատող, ֆիզիկական անձինք, առկայության դեպքում՝ նաև վարկատու-գրավառու) փոխադարձ նոտարական կարգով հաստատված համաձայնությունը՝ անավարտ շինարարությունն ավարտին հասցնելու և բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների առուվաճառքի գործարքները սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով որոշվող գնով կատարելու վերաբերյալ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի գին (ներառյալ ԱԱՀ) է համարվում կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ձեռքբերման համար ֆիզիկական անձանց կողմից սնանկ ճանաչված կառուցապատողի հետ կնքված պայմանագրով ամրագրված՝ անշարժ գույքի գնի և դատարանի համապատասխան որոշմամբ արձանագրված՝ սնանկ ճանաչված կառուցապատողին վճարված գումարի տարբերության ու վճարման ենթակա հավելյալ գումարի հանրագումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սնանկ ճանաչված կառուցապատողի հետ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման պայմանագրերի առարկա համարվող գույքի օտարման գործարքների վրա: