Կառավարության որոշումներ

23 Հուլիսի 2020, 1243 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Մոսկովյան 5 հասցեում գտնվող` 1333.6 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.044121 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Մոսկովյան 13 հասցեում գտնվող 2418.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.23824 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
4. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 21-ի դրությամբ 2 204 865 000 դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 2 204 865 000 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 142 944 000 դրամ:
5. Կոմիտեի նախագահին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) գույքը սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված մրցույթով օտարվելու դեպքում, երկամսյա ժամկետում ապահովել «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության հետ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված N 158/0018 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) լուծումը՝ նախատեսելով, որ պայմանագրի լուծման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների դադարման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
4) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով երեք ամիս հաճախականությամբ կազմակերպել ևս երկու մրցույթ՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի նվազագույն գինը նվազեցնելով վերջին մրցույթի նվազագույն գնի 10 տոկոսի չափով.
5) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 296 196 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը,
բ. գույքը գնորդին է հանձնվում սույն որոշման 9-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո.
6) մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ ներառել Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված՝ ստորև նշված տեղեկատվությունը.
«Շենքի հետ կապված որևէ քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել՝ հաշվի առնելով շենքի ճարտարապետական արժեքը, զբաղեցրած դիրքը քաղաքում՝ միաժամանակ վերակառուցման առաջարկը միջանկյալ համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ։ Միաժամանակ ընդունելի է համարվում շենքի հիմնական մասնաշենքին ուղղահայաց՝ դեպի բակային հատված ձգվող սեյսմիկ կարով առանձին հատվածի ծավալային հնարավոր փոփոխություն՝ արդյունքում ստացվող առանձին ծավալի հարկայնությունը՝ առավելագույնը 5 հարկի սահմաններում՝ հաշվի առնելով հողամասի հարակից իրադրությունը և դրանից բխող, առկա շինությունների՝ հիմնականում ավտոտնակներից ազատելով տարածքի ընդլայնման և բարեկարգման անհրաժեշտությունը:».
7) գնորդի կողմից սույն որոշման 8-րդ կետով սահմանված վճարումների կատարման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գույքի օտարման մասին տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին.
8) սույն որոշման 2-րդ կետով սահմանված աշխատանքների ընդունումից հետո «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
6. Սահմանել, որ՝
1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ).
2) մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով՝ օտարվող գույքի համար առաջարկվող գին՝ 80 տոկոս, ներդրումների չափը 20 տոկոս.
3) գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների և չի կարող գերազանցել 3 տարին, որի հաշվարկն իրականացվելու է համապատասխան մարմնի կողմից շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման պահից, որը չի կարող գերազանցել 12 ամիսը:
7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին՝
1) Երևան քաղաքի Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքի վերակառուցման և ուժեղացման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի կատարման արդյունքում ստացված և համապատասխան փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերն ստանալուց հետո սեղմ ժամկետում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա ապահովել վերը նշված հասցեում գտնվող շենքի վերակառուցման և ուժեղացման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման ընթացակարգերի կազմակերպումը.
2) համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում պայմանագրերին կից կնքել աշխատանքների և ծառայությունների գնման համաձայնագրեր՝ նախատեսելով հնարավոր կարճ գնման ժամանակացույցեր.
3) շինարարական աշխատանքների՝ սահմանված կարգով հանձնում-ընդունումն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրա վերաբերյալ կոմիտեին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։
10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշման 8-րդ կետով նախատեված գումարները վճարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն սույն որոշման 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված համաձայնագրերը կնքելու համար նշված գումարներից համապատասխան չափով ֆինանսական միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին հատկացնելու վերաբերյալ:
 

Արխիվ

2024

2023