Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2020, 1218 - Լ

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՈՂԱԿՏՈՐՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀՈՂԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՎՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր), ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով և 65-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ համաձայնագրի շրջանակում իրականացվող՝ «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ ծրագիրն իրականացվելու է սույն որոշման ընդունման պահին Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև Բագրևանդի փող․ 74 հասցեում գտնվող (ծածկագիր-01-008-0506-0108) 3 հեկտար հողամասում, որի յուրաքանչյուր քառակուսի մետրի արժեքը կազմում է սույն որոշման 11-րդ կետով նշված պայմանագրի կնքման օրվա դրությամբ տվյալ գոտու համար գործող շուկայական արժեքի չափ կամ սահմանված կադաստրային արժեքի չափ, եթե հնարավոր չէ պարզել դրա շուկայական արժեքը (այսուհետ՝ տարածք)։
3. Սույն որոշման N 3 հավելվածով սահմանված աշխատակարգի 24-րդ կետում նշված սահմանաչափերով հողամասերը նվիրաբերության միջոցով սեփականության իրավունքով տրամադրել հողամասի հատկացման մասով սույն որոշման 9-րդ կետով նշված ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարող, սույն որոշման 10-րդ կետում նշված հավաստագրման հանձնաժողովի համապատասխան որոշում ունեցող և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարարի կողմից հավաստագրված ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններին (այսուհետ՝ ԻԲՏԸ), ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի ինովացիոն կենտրոններին, աքսելերատորներին, ինկուբատորներին (այսուհետ՝ ԻԲՏԿ. ԻԲՏԸ-ն և ԻԲՏԿ-ն միասին այսուհետ՝ ծագրի մասնակիցներ)՝ տվյալ հողամասերում նշված կազմակերպությունների կողմից շենք և (կամ) շինություն կառուցելու և ծրագրով սահմանված պայմաններով այն օգտագործելու նպատակով՝ ըստ ներկայացված դիմումների։
4. Ծրագրի արդյունավետ և շարունակական իրականացման համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին (այսուհետ՝ ՁԻՀ) ճանաչել համաձայնագրի շրջանակում ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր: Որպես գլխավոր օպերատորի լիազորություններ սահմանել անհրաժեշտ միջոցառումների իրականացումը` ապահովելով պետական, մասնավոր (տեղական ինչպես նաև միջազգային կազմակերպությունների) և շահառու այլ կողմերի ներգրավումը: Գլխավոր օպերատորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ՁԻՀ-ի և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև կնքվելիք պայմանագրով։
5. Տարածքի սահմաններում գտնվող հողամասում ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագրի համապատասխան բաղադրիչի շրջանակում համապատասխան մրցույթում հաղթած շինարարական կազմակերպության միջոցով իրականացնել ինժեներական կենտրոնի գրասենյակային շենքի և (կամ) շինության կառուցման աշխատանքները։ Սույն կետում նշված շինարարական կազմակերպության ընտրության գործընթացին մասնակից դարձնել նաև ՁԻՀ-ին (համաձայնությամբ)։
6. Սահմանել, որ տարածքի սահմաններում գտնվող սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերում նշված՝ հողամաս չհամարվող այլ հողամասերը ընդհանուր օգտագործման տարածքներ են։
7. Սահմանել, որ ընդհանուր օգտագործման տարածքները կառուցապատվելու և բարեկարգվելու են ՁԻՀ-ի համակարգմամբ, իսկ ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագրի համապատասխան բաղադրիչի կատարման ամբողջ ընթացքում նաև սպասարկվելու են համաձայնագրի համապատասխան բաղադրիչով նախատեսված միջոցների հաշվին:
8. Սահմանել, որ ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագրի համապատասխան բաղադրիչի կատարման ավարտից հետո եռամսյա ժամկետում ընդհանուր օգտագործման տարածքներն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, նվիրաբերության միջոցով, ծրագրով սահմանված պայմաններով օգտագործելու նպատակով փոխանցվելու են սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերում նշված հողամասերի սեփականատերերին` տարածքում իրենց սեփականության իրավունքով պատկանող հողակտորի չափին համամասնորեն:
9. Հաստատել ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ չափորոշիչները (այսուհետ՝ մասնակցության չափորոշիչներ)՝ համաձայն N 2 հավելվածի:
10. Ծրագրին մասնակցության կազմակերպման և մասնակցության չափորոշիչներին համապատասխանող թեկնածուների ընտրության, հավաստագրման՝ ներառյալ հողակտորի հատկացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին համապատասխան որոշման տրամադրման, ինչպես նաև տարածքի հետագա նպատակային օգտագործման ապահովման նպատակով՝ ստեղծել Ինժեներական քաղաքի հավաստագրման հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը և աշխատակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
11. Հաստատել ծրագրի մասնակիցների և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք նվիրաբերության և գրավով պարտավորությունների ապահովման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի։
12. Լիազորել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից ծրագրի մասնակիցների հետ կնքելու սույն որոշման 8-րդ, 11-րդ և 13-րդ կետերով նշված պայմանագրերը։
13. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 5-րդ կետում նշված շենքի և (կամ) շինության կառուցման աշխատանքների ավարտից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումից հետո, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն այդ անշարժ գույքը ՁԻՀ-ին անհատույց օգտագործման կամ այլ իրավունքով փոխանցելու վերաբերյալ՝ կնքելով համապատասխան պայմանագիր:
14. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել Ինժեներական քաղաքի ստեղծման նպատակով հավաստագրման հանձնաժողովի անհատական կազմը և կազմակերպել դիմումների ընդունման վերաբերյալ հայտարարության տարածումը:
15. Սահմանել, որ սույն որոշմամբ նշված նվիրաբերության գործարքից առաջացած հարկերը կարող են վճարվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
 

Հավելված