16 Հուլիսի 2020, 1178 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականիմարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի`
1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա համահայր կամ համամայր քույրերին ու եղբայրներին հաշվի առնելու համար` սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան դատարանի վճիռը կամ ծնողների փոխադարձ գրավոր համաձայնությունը, «բ» պարբերությունում նշված դեպքում` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ծնողների միջև կնքված համաձայնությունը կամ համապատասխան դատարանի վճիռը, «գ» պարբերությունում նշված դեպքում`ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև կնքված և նոտարի վավերացրած գրավոր համաձայնությունը կամ համապատասխան դատարանի վճիռը, «դ» պարբերությունում նշված դեպքում` համապատասխան նոտարական ակտը, «ե» պարբերությունում նշված դեպքում` ծնողի մահվան վկայականը, կամ նրան մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը:».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)`
1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները).
2) նոր ծնված երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), եթե`
ա. դատարանի վճռով կամ ծնողների փոխադարձ համաձայնությամբ այդ երեխայի բնակության վայր է սահմանվել նոր ծնված երեխայի ծնողի բնակության վայրը,
բ. քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ծնողների միջև կնքվել է համաձայնություն՝ երեխայի խնամքը նոր ծնված երեխայի ծնողի կողմից իրականացնելու վերաբերյալ կամ դատական կարգով հաստատված է այն փաստը, որ այդ երեխայի փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է կամ այդ զավակի փաստացի խնամքն ու դաստիարակությունն անչափահաս տարիքում իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը,
գ. նոր ծնված երեխայի ծնողը այդ երեխայի համար ստանում է ալիմենտ,
դ. նոտարական ակտով հաստատված է այդ երեխայի՝ նոր ծնված երեխայի ծնողի խնամքի տակ լինելու փաստը,
ե. նրանց մյուս ծնողը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: