Կառավարության որոշումներ

16 Հուլիսի 2020, 1189 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման N 2 հավելվածի պարզաբանում մասում`
1) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«● Ընդհանուր թերապևտիկ, հոգեբուժական, ներզատաբանական, անգիոնևրոլոգիական նյարդաբանական ծառայություններ իրականացնող բաժանմունքում 79-րդ կետի (ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԲԱԺԻՆ), վերականգնողական` շարժաթերապևտիկ (կինեզոթերապիա) հոգեթերապևտիկ ծառայություններ իրականացնող բաժանմունքում 33-րդ կետի (ԸՆԴՈՒՆԱՐԱՆ), 79-րդ կետի (ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԲԱԺԻՆ), 80-րդ կետի (ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ) պահանջը պարտադիր չէ: Կալանավորված անձանց և դատապարտյալների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով Երևան քաղաքում՝ 500 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը առանձնացվում է առնվազն 10 մահճակալ ունեցող, երկաթե ճաղավանդակներով և երկաթե դռներով ամբողջովին մեկուսացված, տեսախցիկներով վերահսկվող բաժանմունք, որի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից:».
2) «(N 2 հավելվածի պարզաբանման վերջին նախադասությունն ուժի մեջ է մտնում 09.08.18 N 880-Ն որոշման պաշտոնական հրապարակումից երկու տարի հետո մարզերի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար, համաձայն 09.08.18 N 880-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի:)» նախադասությունը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: