Կառավարության որոշումներ

9 Հուլիսի 2020, 1168 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոցի 5/1 հասցեում գտնվող՝ 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը (այսուհետ՝ գույք), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:

2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը՝ 2020 թվականի հունիսի 8-ի դրությամբ՝ 2 062 100 320 դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 2 062 100 320 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 56 257 680 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի (այսուհետ՝ գնորդ) կողմից գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 825 864 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
4) մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ ներառել Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հետևյալ տեղեկատվությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմ
բերի 15-ի N 2330-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2005-2020 թթ.) և գոտևորման նախագծի քննարկվող հողամասը ներառված է հասարակական կառուցապատման (բուժական) գոտում, և նշված կառույցի հարկայնության վերաբերյալ սահմանափակումներ նախատեսված չեն։ Հողամասի գործառնական նշանակության փոփոխման արդյունքում հնարավոր է քննարկել առավել բարձր ծավալների կառուցապատման վերաբերյալ առաջարկ՝ կառուցապատման հնարավոր չափորոշիչներն ընդունելով ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերով ամրագրված պահանջներով՝ մասնավորապես, կառուցապատման տոկոսն ընդունելով մինչև 60 տոկոս՝ ներառյալ ճանապարհները և սալվածքները, կանաչապատումը՝ 40 տոկոս և ավելի։ Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հարակից կառուցապատման նկատմամբ նորմատիվային հեռավորությունները, ինսոլյացիոն, հակահրդեհային, սեյսմիկ և ՀՀՇՆ 30-01-2014 շինարարական նորմերով սահմանված այլ պահանջներ։»:
4. Սահմանել, որ՝
1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ).
2) մրցույթի մասնակիցների առաջարկները գնահատվում են հետևյալ կշռային գործակիցներով՝ օտարվող գույքի համար առաջարկվող գինը՝ 70 տոկոս, ներդրումների չափը՝ 30 տոկոս.
3) գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների, որը չի կարող գերազանցել երեք տարին՝ նշելով ամեն տարվա ներդրման չափը:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի օտարման դեպքում՝ ծառայության աշխատողների նկատմամբ բնակարանի տրամադրման պարտավորություններն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն նշված գույքի օտարման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված գումարներից 50 տոկոսի չափով ծառայությանը հատկացնելու վերաբերյալ։