Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2020, 1162 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 38-րդ կետը 3.1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ ենթակետով.
«3.2) ծրագրի շրջանակներում մասնակի կսուբսիդավորվի N 2 աղյուսակում ներկայացված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների (N 2 աղյուսակում նշված թվով) լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը.».
2) 40-րդ կետը 3.2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3-րդ ենթակետով.
«3.3) N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 75 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը սուբսիդավորվում է.».
3) 41.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41.2-րդ կետով.
«41.2. Ծրագրի շրջանակներում N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողի կողմից ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով՝
1) սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որը մինչև N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների վերաբերյալ ՖԿ-ին համապատասխան հայտ ներկայացնելը լիզինգի կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով՝ N 3 ձևին համապատասխան, դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` դիմումին կցելով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցներ արտադրող և (կամ) իրացնող կազմակերպության կողմից տրամադրված ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքները հավաստող փաստաթղթերը՝ գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիր և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկանք՝ սպանդանոցային գործունեության իրականացման գրանցման վերաբերյալ (սպանդանոցի առկայության դեպքում).
2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված և մինչև սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում, ինչպես նաև դրանից հետո մուտքագրված դիմումների վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուներին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնությունը տրամադրվում է, եթե դիմումատուն դիմումը ներկայացրել է սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան.
4) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացվում են մի քանի դիմումներ, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը N 2 աղյուսակում ներկայացված համայնքի մարզի տարածքում ունի իր կողմից շահագործվող սպանդանոց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.
5) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացվում են դիմումներ միայն այլ մարզերից, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը N 2 աղյուսակում ներկայացված համայնքի մարզի հարևան մարզի տարածքում ունի իր կողմից շահագործվող սպանդանոց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.
6) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացված դիմումներում բացակայում են տվյալ համայնքի և հարևան մարզերից դիմումներ, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.
7) սույն որոշման հրապարակումից յոթ օրվանից հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում N 2 աղյուսակում ներկայացված համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով մուտքագրված դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխան համաձայնություն է տրամադրում առաջին դիմումատուին.
8) սույն կետի 2-րդ ենթակետում նշված մերժումը տրվում է, եթե՝
ա. սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվել է թերի լրացված կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում սույն կետի 1-ին ենթակետով սահմանված N 3 ձևին, կամ բացակայում է սույն կետի 1-ին ենթակետում նշված գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիրը,
բ. N 2 աղյուսակում ներկայացված և դիմումատուի կողմից նախընտրելի համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում մեկ այլ դիմումատուի արդեն իսկ տրամադրվել է գրավոր պատասխան համաձայնություն.
9) սույն կետի 1-ին ենթակետով տրամադրված համաձայնությունն ստանալուց հետո շահառուն երեք աշխատանքային օրվա ընթացքում համաձայնությունը հայտի հետ միասին ներկայացնում է ՖԿ-ին.
10) շահառուն՝ ՖԿ-ին լիզինգի հայտ ներկայացնելուց և ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով կանխավճարը ՖԿ-ին վճարելուց հետո, N 4 ձևին համապատասխան, հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն՝ ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու նպատակով: Ներկայացվող հայտին կցում է ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքի 20 տոկոսի չափով լիզինգի կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով կանխավճարի վճարումը հիմնավորող ՖԿ-ի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը.
11) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 8-րդ ենթակետում նշված N 4 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցում է շահառուի` ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին.
12) լիզինգի պայմանագիրը կնքելուց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցները լիզինգառուին տրամադրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման վերաբերյալ։».
4) 42.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42.2-րդ կետով.
«42.2. N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ սուբսիդավորված լիզինգի կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցները ձեռք են բերվել սույն ծրագրի պայմանների խախտմամբ կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.2-րդ կետի 10-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը։».
5) 54-րդ կետում «աղյուսակում» բառը փոխարինել «N 1 աղյուսակում» բառերով.
6) 55-րդ կետից հետո «Աղյուսակ» բառը փոխարինել «Աղյուսակ N 1» բառերով.
7) լրացնել նոր՝ N 2 աղյուսակով, NN 3 և 4 ձևերով՝ համաձայն հավելվածի:

հավելված