18 Հունիսի 2020, 1030 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը սահմանելու մասին» N 492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետում և որոշման հավելվածի վերնագրում «և չափերը» բառերը փոխարինել «, չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը» բառերով.
2) որոշման հավելվածը վերնագրից հետո լրացնել հետևյալ բառերով.
«I. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ».
3) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններին դրամաշնորհը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշմամբ սահմանված կարգով: Նախարարության և կազմակերպության միջև կնքվում է դրամաշնորհի տրամադրման պայմանագիր՝ Հայայստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:».
4) որոշման հավելվածի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) որոշման հավելվածի 9-րդ կետում «սուբսիդիայի» բառը փոխարինել «դրամաշնորհի» բառով.
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ II գլխով.
«II. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԵՐԵԽԱ ԶՈՀԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ»:
48. Հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման (այսուհետ՝ ուղղորդում) նպատակն է երեխայի հնարավոր շահագործման դեպքերի նախականխումը, կանխարգելումը և բացահայտումը, ինչպես նաև նրա պաշտպանությունը՝ տեղեկությունների փոխանցման, փոխանակման, ստացված տեղեկությանն արագ արձագանքման, տուժողների նույնացման և աջակցության միջոցառումների կազմակերպման միջոցով:
49. Ուղղորդման գործընթացի համակարգման պատասխանատուներն են՝
1) Հայաստանի Հանրապետութան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես տուժողի նույնացման և աջակցության կազմակերպման իրավասու մարմին.
2) Հայաստանի Հանրապետութան ոստիկանությունը՝ որպես հետաքննություն իրականացնող և երեխայի պաշտպանությունն ապահովող իրավասու մարմին.
3) գործընկեր հասարակական կազմակերպությունը՝ որպես աջակցող և ժամանակավոր կացարանում կամ կացարանից դուրս երեխայի խնամքն ու սոցիալ-հոգեբանական վերականգնումն ապահովող իրավասու մարմին:
50. Ուղղորդման մասնակիցներն են պետական (ներառյալ անկախ պետական մարմինները) և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները՝ ի դեմս համապատասխան ստորաբաժանումների, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ՝ ուղղորդման մասնակիցներ):
51. Ուղղորդումն իրականացվում է երկու եղանակով՝
1) հայտնաբերողի կողմից իրավասու մարմիններից որևէ մեկին հնարավոր հանցագործության մասին տեղեկությունների փոխանցման.
2) երեխայի աջակցությունը և պաշտպանությունը կազմակերպելու նպատակով սույն կարգի 55-րդ կետով նախատեսված աջակցող կազմակերպություններ ուղղորդման:
52. Երեխայի նկատմամբ թրաֆիքինգի և շահագործման ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունների փոխանցման, փոխանակման, երեխայի ուղղորդման ընթացքում իրավասու մարմինները համագործակցում են միմյանց, ինչպես նաև ուղղորդման մասնակիցների հետ, մասնավորապես՝
1) նույնացման հանձնաժողովի հետ՝ որպես երեխային մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհ ճանաչող և աջակցության իրավունք ընձեռող մարմին, ում իրավասու մարմինները տրամադրում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների նույնացման համար անհրաժեշտ տեղեկություններ.
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ՝ ի դեմս՝
ա. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ (համաձայնությամբ, այսուհետ՝ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի բաժիններ)՝ որպես տեղեկատվական աղբյուր և վարույթի իրականացման ընթացքում մասնագիտական օժանդակություն ցուցաբերող մարմին,
բ. խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ` որպես երեխայի նկատմամբ խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները ժամանակավոր կատարող ու նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը՝ ներառյալ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքն ապահովող վարչական մարմին,
գ. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարան ների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումների՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և սոցիալական աջակցության տարածքային բաժինների հետ (այսուհետ՝ տարածքային մարմին)՝ որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և նրա ընտանիքի պաշտպանությունն իրականացնող տարածքային մարմին,
դ. միգրացիոն ծառայության հետ՝ որպես Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող և փախստականի կարգավիճակ ստացած անձանց հետ աշխատելու իրավասություն ունեցող մարմին,
ե. երեխաներին շուրջօրյա կամ ժամանակավոր խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների հետ (մանկատուն, ճգնաժամային աջակցության կենտրոն, երեխաների խնամքի ցերեկային հաստատություն, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն) (այսուհետ՝ հաստատություն),
զ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ՝ որպես օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի պաշտպանությունն ապահովող մարմին,
է. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հետ՝ որպես նախաքննություն իրականացնող մարմին՝ երեխայի մասնակցությամբ քննչական գործողություններն արդյունավետ կազմակերպելու և երեխայի իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու համար,
ը. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ՝ որպես մինչև 18 տարեկան անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին,
թ. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող մարմին:
53. Երեխայի ուղղորդումն սկսվում է ուղղորդման մասնակիցների կողմից նրան հայտնաբերելու կամ հնարավոր հանցագործության մասին տեղեկություններ ստանալու պահից:
54. Տեղեկատվական հոսքերի ուղղությունները պայմանավորված են տեղեկատվության սկզբնաղբյուրներով՝
1) ուղղորդման մասնակիցները ձեռք բերած տեղեկությունները փոխանցում են իրավասու մարմիններին.
2) իրավասու մարմինները փոխանակվում են իրենց հայտնի դարձած տեղեկություններով, ինչպես նաև տրամադրում են այն նույնացման հանձնաժողովին:
55. Տեղեկությունների շրջանառմանը զուգահեռ երեխան ուղղորդվում է գործընկեր կազմակերպություն՝ օրենքով սահմանված աջակցություն ստանալու համար: Ելնելով գնահատված կարիքներից՝ օգնությունը կարող է տրամադրվել ժամանակավոր կացարանում, ընտանիքում կամ հաստատությունում:
56. Այն դեպքում, երբ հնարավոր չէ ապահովել երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում և անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նրա սոցիալական կարգավիճակը՝ այլընտրանքային խնամքի որևէ տեսակում կամ ժամանակավոր կացարանում, իսկ դրա անհնարինության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից մեկում խնամքը կազմակերպելու համար, նախարարությունը համագործակցում է սույն կարգի 52-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություներով և 52-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված մարմինների և հաստատությունների հետ՝ ուղղորդման գործընթացն ապահովելու համար:
57. Եթե երեխան սովորում է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում, ապա նախարարությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ երեխային աջակցելու նպատակով գործընկեր հասարակական կազմակերպության ներգրավման մասին՝ կազմակերպության ներկայացուցչի մուտքը հաստատություն ապահովելու համար:
58. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հետաքննության ընթացքում համագործակցում է այլ իրավասու մարմինների և համագործակցող կողմերի հետ՝ երեխայի և նրա ընտանիքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու, երեխայի հետ հաղորդակցվելու և հարցաքննությունը կազմակերպելու համար:
59. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում որևէ քրեական գործով երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման դեպք հայտնաբերելիս՝ այդ տեղեկությունները ներկայացնում է նույնացման հանձնաժողովին և, ըստ անհրաժեշտության, նախաքննության ընթացքում համագործակցում է երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնող մարմինների հետ:
60. Գործընկեր հասարակական կազմակերպությունն աջակցում է երեխային՝ նրա առաջնային կարիքները հոգալու կամ լիարժեք սոցիալական վերականգնումն ապահովելու և կրկնազոհացումից խուսափելու համար, ինչպես նաև համագործակցում է երեխայի կենսաբանական ընտանիքի, կամ խնամքն ստանձնած հաստատությունների, այլընտրանքային ծառայությունների հետ՝ մինչև նրա սոցիալ-հոգեբանական վերականգնումը:
61. Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի բաժինները (համաձայնությամբ) իրականացնում են երեխայի նախանույնացումը և նախարարությանը տեղեկացնում են դեպքի մասին, ինչպես նաև համագործակցում են իրավասու մարմինների, սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների, համայնքային մարմինների հետ՝ երեխայի սոցիալական պայմանները, կարիքները, դժվարությունները և դրանից բխող սոցիալական պահանջմունքները գնահատելու և կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար՝ ներառյալ դպրոցական տարիքի երեխաների հաշվառման համակարգումն ու վերահսկումը, նրանց ուսումնական հաստատություն ընդգրկման ապահովումը:
62. Տարածքային մարմինները, համագործակցելով իրավասու մարմինների հետ, վարում են սոցիալական դեպքը և գնահատում երեխայի սոցիալական կարիքները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 14-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կարգով կազմակերպում են երեխայի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:
63. Նույնացման հանձնաժողովը համագործակցում է իրավասու մարմինների, ուղղորդման այլ մասնակիցների հետ՝ թրաֆիքինգի և շահագործման դեպքերի մասին ամբողջական տեղեկություններ ստանալու, աջակցության գործընթացը կազմակերպելու, դրան հետևելու, յուրաքանչյուր դեպքը և ստեղծված իրավիճակը վերլուծելու, օրենքով սահմանված կարգով գաղտնի փաստաթղթաշրջանառությունը կազմակերպելու և ապահովելու համար:
64. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում, ելնելով երեխայի լավագույն շահից, համագործակցում են նրա խնամքն ստանձնած գործընկեր հասարակական կազմակերպության կամ հաստատության հետ՝ երեխայի՝ անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքն ապահովելու համար:
65. Այն դեպքերում, երբ երեխայի լավագույն շահը պահանջում է նրա հրատապ մեկուսացումը, երեխան անմիջապես տեղափոխվում է ժամանակավոր կացարան: Գործողությունների օպերատիվ ընթացքն ապահովելու նպատակով տեղեկությունների փոխանցումը կարող է իրականացվել բանավոր տեղեկացման ընթացակարգով, մինչև պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեկնարկը:
66. Սույն կարգի 45-րդ կետով սահմանված հիմքով աջակցության գործընթացի դադարեցմամբ երեխայի ուղղորդումը համարվում է ավարտված:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: