18 Հունիսի 2020, 998 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 886-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 686-րդ ու 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 568-Ն որոշման 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին» բառերը փոխել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով:
2. «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Արաքս, Դանիել Բեկ-Փիրումյան փողոց, N 1 շենք, վկայականի N 2658342, 295763.0 դրամ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Բաղրամյան հողամասի N 2681941, 2681942, 268144 վկայականներ, 10293.1 դրամ արժողությամբ) ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը (ամրացված գույքի կազմի վերաբերյալ ցանկը՝ համաձայն հավելվածի) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ՝ սահմանված կարգով կնքել 2-րդ կետով հանձնված անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետով.
«22. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան»:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել « Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: