9 Մարտի 2006, 301 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1823-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 15-ի N 379 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման վերնագրում ու 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշման N 1 հավելվածի վերնագրում և 1-ին կետում, որոշման N 2 հավելվածի վերնագրում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության`
8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) գործատուներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների համապատասխան մարմիններից տեղեկություններ ստանալը թափուր աշխատատեղերի, ինչպես նաև սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների և այլ միջոցառումների մասին, որոնց հետևանքով կարող են լինել աշխատանքից ազատումներ.
բ) աշխատանք փնտրող անձանց ուղեգրելը` գործատուների մոտ համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում.
գ) զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների` ըստ ծրագրերի ուղղվածության օգտագործում.
դ) անձանց ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու նպատակով իրավասու մարմիններից նրանց զբաղվածության, կենսաթոշակ ստանալու և պարտադիր սոցիալական ապահովագրական վճարումներ կատարած լինելու մասին տեղեկություններ ստանալը.
ե) վերլուծական հետազոտությունների կատարում, աշխատուժի առաջարկի ու պահանջարկի կանխատեսում.
զ) աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
է) աշխատուժի արտաքին և ներքին տեղաշարժի կարգավորմանն ուղղված ծրագրերի իրականացում, աշխատանք փնտրող անձանց օժանդակելը` ընտրելու հարմար աշխատանք, իսկ գործատուներին անհրաժեշտ մասնագիտություն և որակավորում ունեցող մասնագետներով ապահովելը.
ը) աշխատանք փնտրող անձանց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվությամբ ապահովելը.
թ) աշխատանք փնտրող անձանց հաշվառման իրականացում.
ժ) գործազուրկի կարգավիճակ տալը և գործազրկության նպաստ նշանակելը.
ժա) գործազուրկի կարգավիճակի, գործազրկության նպաստի վճարման կասեցում կամ դադարեցում, օրենքով սահմանված դեպքերում հաշվառումից հանելը.
ժբ) անձի կասեցված գործազուրկի կարգավիճակի վերականգնում և գործազրկության նպաստի վճարում.
ժգ) նշանակված, սակայն գործազրկության նպաստ նշանակող մարմնի մեղքով չվճարված, կալանավորված անձի մինչև կալանավորման կամ դատապարտման օրը չստացած, ինչպես նաև նպաստառու գործազուրկի մահվան դեպքում չստացված գործազրկության նպաստի միանվագ վճարման ապահովում.
ժդ) զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի նախագծերի մշակում և հաստատվելուց հետո դրանց իրականացման ապահովում.
ժե) գործազուրկների, երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող ու աշխատաշուկայում անմրցունակ աշխատանք փնտրող` չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման, ինչպես նաև հաշմանդամների աշխատանքային ունակությունների վերականգնման աշխատանքների կազմակերպում.
ժզ) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորման աշխատանքների նախաձեռնում.
ժէ) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրերի մշակում և իրականացում` հանրապետական ու տարածքային համաձայնեցման կոմիտեների հետ համատեղ.
ժը) այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկների նյութական ծախսերի հատուցում.
ժթ) ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցության տրամադրում.
ի) վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպմանն աջակցելը` ապահովելով անհրաժեշտ աշխատուժով.
իա) 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք և առնվազն 35 տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկներին, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուն մնացել է մինչև 5 տարի, լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.
իբ) 12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք և առնվազն 35 տարվա ապահովագրական ստաժ ունեցող այն գործազուրկների, որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև մեկ տարի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետից շուտ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.
իգ) առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին թաղման նպաստի վճարում.
իդ) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչներին, գրավոր հարցման հիման վրա, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի իրականացման մասին տեղեկատվության տրամադրում.
իե) օտարերկրյա պետություններում աշխատանքային գործունեության ծավալման, մասնագիտական ուսուցման ցանկություն ունեցող անձանց իր իրավասության սահմաններում տեղեկատվության տրամադրում և խորհրդատվության իրականացում, ինչպես նաև նրանց և օտարերկրյա պետությունների գործատուների միջև միջնորդության իրականացում.
իզ) տեղեկատվական բազայի ստեղծում և վարում` զբաղվածության ոլորտի նպատակային կառավարման, բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի հասցեականության ապահովման, աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունավետ իրականացման նպատակով.
իէ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին բնակչության զբաղվածության բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
իը) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակելով համապատասխան տեղեկատվություն.
իթ) նախարարի կամ նախարարի տեղակալի հանձնարարությամբ` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում աշխատաշուկայի կարգավորման համատեղ ծրագրերի իրականացում.
լ) քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկում, դրանց պատասխանելը և ընթացք տալը.
լա) իր իրավասության սահմաններում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի և պահպանման ծախսերի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացի իրականացման ապահովում.
լբ) գործակալության բյուջետային և արտաբյուջետային պլանավորման և ֆինանսավորման գործընթացին մասնակցություն.
լգ) գործակալության հաշվապահական հաշվառման վարում.
լդ) զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայտի կազմում և այն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, իսկ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի մասով` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ներկայացնելը.
լե) տարածքային մարմիններից ստացված զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի իրականացման համար ծախսված ֆինանսական միջոցների մասին հաշվետվությունների ամփոփում և դրանք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, իսկ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի մասով` նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ներկայացնելը.
լզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) կազմում, ներդնում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
լէ) տարածքային մարմիններից ստացված զբաղվածության մասին վիճակագրական հաշվետվությունների ամփոփում և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնելը.
լը) իր իրավասության սահմաններում` զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի կատարման նկատմամբ մոնիթորինգի իրականացում.
լթ) աշխատուժի շուկայի վիճակի, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի համար ծախսված ֆինանսական միջոցների (տարեկան առնվազն 2 անգամ) մասին տեղեկությունների պարբերաբար հրապարակում` զանգվածային լրատվության միջոցներով.
խ) յուրաքանչյուր եռամսյակ նախարարին` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբաղվածության ամենամյա պետական և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով իրականացվող ծրագրերի կատարման ընթացքի և մոնիթորինգի մասին հաշվետվություն ներկայացնելը.
խա) մարզկենտրոնում գտնվող տարածքային մարմինների կողմից, որպես մարզային տարածքային կենտրոններ, նաև հետևյալ գործառույթների իրականացում`
տվյալ մարզի տարածքային մարմինների կողմից հավաքված` աշխատաշուկայի մասին տվյալների ամփոփում և դրանց հիման վրա` մարզի աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման կատարում,
տվյալ մարզի տարածքային մարմինների կողմից կազմված զբաղվածության տարածքային ծրագրերի նախագծերի ամփոփում, դրանց հիման վրա զբաղվածության մարզային տարեկան ծրագրերի նախագծերի կազմում և դրանք գործակալության համապատասխան բաժին ներկայացնելը,
տարածքային մարմիններից ստացվող վիճակագրական հաշվետվությունների ամփոփում և դրանք գործակալության համապատասխան բաժին ներկայացնելը»,
9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Գործակալության պետն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»,
11-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության վարչապետին,» բառերը,
15-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ, մարզային և տարածքային մարմիններ».
գ) որոշմամբ հաստատված գործակալության կառուցվածքում`
II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« II. Մարզային մարմիններ
Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոն
Արմավիրի զբաղվածության մարզային կենտրոն
Աշտարակի զբաղվածության մարզային կենտրոն
Գավառի զբաղվածության մարզային կենտրոն
Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոն
Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն
Հրազդանի զբաղվածության մարզային կենտրոն
Կապանի զբաղվածության մարզային կենտրոն
Եղեգնաձորի զբաղվածության մարզային կենտրոն
Իջևանի զբաղվածության մարզային կենտրոն»,
գործակալության կառուցվածքը լրացնել հետևյալ նոր` III բաժնով.
« III. Տարածքային մարմիններ
Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն
Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն
Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն
Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն
Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոն
Ապարանի զբաղվածության տարածքային կենտրոն
Ծաղկահովտի զբաղվածության տարածքային կենտրոն
Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն
Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն
Մարտունու զբաղվածության տարածքային կենտրոն
Սևանի զբաղվածության տարածքային կենտրոն
Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն
Ալավերդու զբաղվածության տարածքային կենտրոն
Սպիտակի զբաղվածության տարածքային կենտրոն
Ստեփանավանի զբաղվածության տարածքային կենտրոն
Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոն
Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոն
Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն
Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն
Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն
Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն
Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոն
Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն
Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոն
Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոն
Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոն
Վայքի զբաղվածության տարածքային կենտրոն
Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոն
Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն
Բերդի զբաղվածության տարածքային կենտրոն
Դիլիջանի զբաղվածության տարածքային կենտրոն
Երևան քաղաքում`
Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային կենտրոն
Էրեբունու, Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոն
Արաբկիրի զբաղվածության տարածքային կենտրոն
Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային կենտրոն
Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն
Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն
Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոն
Քանաքեռ-Զեյթունի զբաղվածության տարածքային կենտրոն
Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն
Նոր Նորքի զբաղվածության տարածքային կենտրոն
Երևանում մարզային կենտրոնի գործառույթները կատարում են գործակալության բաժինները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։