15 Հունիսի 2020, 962 - Ն
«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1905-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները կազմակերպելու նպատակով ստեղծել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավանաձորի մասնաճյուղ:
2. Թույլատրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 138-Ն որոշմամբ իրեն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Ղշով աղբյուր 1 հասցեի անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղին, մինչև կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման ավարտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի համապատասխան որոշման ընդունումը:
3. Առաջարկել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Ղշով աղբյուր 1 հասցեի շենքային տարածքներում առկա՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող շարժական գույքը սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղին՝ մինչև կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման ավարտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի համապատասխան որոշման ընդունումը:
4. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետով պայմանավորված՝ համապատասխան փոփոխություն կատարել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հետ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված անհատույց օգտագործման N 140/0015 պայմանագրում:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) հաստատել սույն որոշումից բխող՝ «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները.
2) ապահովել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և Աղավանաձորի մասնաճյուղի պետական գրանցումը:
6. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և Աղավնաձորի մասնաճյուղի պետական գրանցման ու կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:
7. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1905-Ն որոշման 3-րդ կետի «ա)» ենթակետում «ծանր արտահայտված սկլերոզով» բառերից հետո լրացնել «կամ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած» բառերը:
9. Թույլատրել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունները՝
1) կազմակերպել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես.
2) կազմակերպելու համար անհրաժեշտության դեպքում քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ներգրավել համապատասխան մասնագետների:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: