Կառավարության որոշումներ

11 Հունիսի 2020, 953 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) 2020-2022 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով) տրամադրել 63,200,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից՝ 2020 թվականին՝ 18,700,000,000 դրամ, 2021 թվականին՝ 31,500,000,000 դրամ և 2022 թվականին՝ 13,000,000,000 դրամ.
2) ընկերության հետ կնքվելիք վարկային պայմանագրերում սահմանել, որ՝
ա. սույն որոշման 1-ին կետով նախատեսված բյուջետային վարկի յուրաքանչյուր տարվա համար տրամադրվող մասնաբաժնի մարման ժամկետ սահմանվում է 12 տարի, որից 2 տարին՝ արտոնյալ,
բ. տրամադրվող բյուջետային վարկի տոկոսադրույքը համարժեք է լինելու վարկի տրամադրման համար ներգրավվող փոխառու միջոցների տոկոսադրույքներին,
գ. տրամադրվող բյուջետային վարկի հիմնական գումարի մարումն իրականացվում է կիսամյակային հավասարաչափ մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,
դ. տրամադրվող բյուջետային վարկի նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարումն իրականացվում է՝ սկսած 2020 թվականի դեկտեմբերի 25-ից՝ կիսամյակային մարումներով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 25-ին և դեկտեմբերի 25-ին,
ե. վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:
2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1, 1.1.1.1 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4, 4.1 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) վարկի նպատակային և արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական մրցութային հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության, Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կոմիտեի և ընկերության ներկայացուցիչներին.
2) հանձնաժողովի անհատական կազմը և հանձնաժողովի գործունեության կարգը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված