Կառավարության որոշումներ

12 Հունիսի 2020, 947 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 357-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 7-րդ գլխով՝

«7․ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

13. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 50 մլն ՀՀ դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝
1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 36 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 12-ամսյա ժամանակահատվածի համար.
2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 400 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 200 մլն դրամին համարժեք.
3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 0,5%-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):
14. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 100 մլն ՀՀ դրամ և ավել գումարի չափով ներդրում է կատարվել 2020 թվականի ընթացքում, օգտվում է հետևյալ հավելյալ բոլոր արտոնություններից՝
1) սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորումն իրականացվում է վարկի մինչև 48 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 24-ամսյա ժամանակահատվածի համար.
2) սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է 500 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 250 մլն դրամին համարժեք.
3) սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված սուբսիդավորման չափերն ավելանում են 1%-ի չափով (բացառությամբ ամբողջությամբ սուբսիդավորման դեպքերի):
15. Սույն հավելվածի 13-րդ և 14-րդ կետերում նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին: Ընդ որում, սուբսիդավորման ողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:
16. Սույն հավելվածի 15-րդ կետում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման սուբսիդավորված գումարի կրկնակի չափով:»:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի հունիսի 19-ը ներկայացնել սույն որոշումից բխող փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման մեջ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 357-Լ որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝
«5. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման դիմումների վերջնաժամկետ է ամրագրվում 2020 թվականի հունիսի 30-ը: Հետևաբար 2020 թվականի հուլիսի 1-ից սույն միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման նոր հայտեր չեն ընդունվելու:»: