11 Հունիսի 2020, 940 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող՝ 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը (այսուհետ՝ գույք) և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ 1 294 090 800 դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 294 090 800 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 40 600 200 դրամ:
3. Կոմիտեի նախագահին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշման 13-րդ կետով պահանջվող տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ նաև գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 238 176 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ՝
1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ).
2) մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով՝ օտարվող գույքի համար առաջարկվող գինը՝ 90%, ներդրումների չափը՝ 10%.
3) գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների՝ նշելով ամեն տարվա ներդրման չափը և չի կարող գերազանցել երեք տարին.
4) ըստ Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական գոտիների նախագծի (այսուհետ՝ պահպանական գոտիների նախագիծ)՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դասվում է պատմական միջավայր ձևավորող, ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր շենքերի թվին, որոնց վերաբերյալ ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, հետևաբար դրանց հետ կապված որևէ քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել պահպանական գոտիների նախագծով սահմանված դրույթներով՝ հաշվի առնելով գույքի ճարտարապետական արժեքն ու զբաղեցրած դիրքը քաղաքում, իսկ վերակառուցման առաջարկները նախապես համաձայնեցնել լիազոր մարմնի հետ.
5) մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը մեկամսյա ժամկետում վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: