Կառավարության որոշումներ

12 Հունիսի 2020, 933 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 15281 դեպքերը, որոնցից 5639-ը` առողջացած, 258-ը` մահվան ելքով, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,
հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը
և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «հունիսի 13-ը ժամը 17:00-ն» բառերը փոխարինել «հուլիսի 13-ը ժամը 17:00-ն» բառերով.
2) որոշման 3-րդ կետում «կոմիտեի ղեկավար» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահ» բառերով.
3) որոշման 8-րդ կետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «պետական կառավարման համակարգի այլ մարմինների,» բառերով.
4) որոշման հավելվածում՝
ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանված լինելու դեպքում՝ այդ երկրներից ժամանող անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման»,
բ. 15.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հետ աշխատանքային կամ այլ պայմանագրային հարաբերություններում չգտնվող ֆիզիկական անձին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա արգելանք դնելու կամ բռնագանձում տարածելու լիազորությունը: Սույն ենթակետի իմաստով աջակցություն են համարվում այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են 2020 թվականի մարտի 16-ից հետո` անհատույց կերպով` կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու (հաղթահարելու) համար: Սույն ենթակետում նշված դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հիմք ընդունելով աջակցության շահառուների շրջանակի որոշման գործընթացում ներգրավված պետական մարմնից կամ աջակցություն տրամադրող անձից ստացված տեղեկատվությունը՝ աջակցության նպատակի, շահառուների շրջանակի, աջակցություն տրամադրողի, ինչպես նաև այն հաշվեհամարի վերաբերյալ, որից փոխանցվել (փոխանցվելու) են դրամական միջոցները:»,
գ. 17-րդ կետում «պարետի որոշմամբ սահմանված տարածքներում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում» բառերով,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.2-րդ կետով.
«17.2. Սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված սահմանափակումներից պարետի որոշմամբ կարող են նախատեսվել բացառություններ:»,
ե. 20-րդ կետը «կանոնները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նրանց աշխատակիցների մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը տարածվում է նաև 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ, բացառությամբ այն դրամական միջոցների մասով, որոնց նկատմամբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ բռնագանձում է տարածվել:

Արխիվ

2024

2023