4 Հունիսի 2020, 914 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 731, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 29-րդ հոդված 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը վարձակալության տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բացառությամբ՝ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության ռազմարդյունաբերության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ պետական գույք) տրամադրվում է վարձակալության՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով, եթե՝
1) տվյալ գույքը պետական մարմինների, կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների կողմից չի օգտագործվում կամ՝
2) պետական գույքի կառավարման լիազոր մարմինը գտնում է, որ տվյալ գույքի օգտագործումը չի համապատասխանում իրենց կանոնադրական գործառույթներին և առաջարկվել է տրամադրել վարձակալության.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ։
3. Պետական մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքն ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրման գործընթացը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե)։
4. Սահմանել, որ կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով վարձակալության է տրամադրվում կոմիտեի նախագահի հրամանով, իսկ հինգ տարվանից ավելի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ։
5. Սահմանել, որ կոմիտեին են վերապահվում՝
1) պետական գույքի ուղղակի ձևով, մրցույթով և աճուրդով վարձակալության տրամադրումը, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով աճուրդների (այդ թվում՝ էլեկտրոնային) և մրցույթների կազմակերպումն ու անցկացումը.
2) պետական գույքի վարձակալության պայմանագրերի կնքումը և պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկումը։ Ընդ որում՝ վերահսկումն իրականացվում է պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում վարձակալի կողմից ներկայացված հաշվետվությունների կամ պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղում կատարվող ուսումնասիրության արդյունքների հիման վրա.
3) պետական գույքի վարձակալության պայմանագրերի հաշվառումը.
4) գույքի վարձակալության պայմանագրի պատճենի տրամադրումը պետական մարմնին, որի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնված (ամրացված) վարձակալության տրամադրված գույքը, կազմակերպությունների, ընկերությունների, հիմնադրամների դեպքում վարձակալության պայմանագրի պատճենի տրամադրումը վերջիններիս կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմնին.
5) կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրված գույքը մինչև հինգ տարի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում՝ վարձակալության տրամադրվող անշարժ գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու իրավասությունները:
6. Պետական մարմիններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման, իսկ կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի դեպքերում՝ վարձակալության տրամադրման աճուրդ կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերով (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում կամ կոմիտեի նախագահի հրաման) նախատեսված լինելու դեպքում՝ պետական գույքի վարձակալության տրամադրման աճուրդները կարող են իրականացվել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 395-Ն որոշման։
7. Պետական մարմինների ղեկավարներին՝ պետական մարմնին ամրացված գույքից չօգտագործվող տարածք առաջանալու դեպքում, եթե այն իր կանոնադրական գործառույթներին համապատասխան չի օգտագործվում, վարձակալության տրամադրման նպատակով 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե ներկայացնել տեղեկատվություն, որը պետք է ներառի՝
1) գույքի վարձակալության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորումը, այդ թվում` սահմանափակումները և վարձակալության տրամադրվող տարածքի օգտագործման նպատակը, եթե այդպիսին առկա է, ինչպես նաև տեղեկատվություն նշված տարածքը պետական մարմնի կողմից չօգտագործվելու մասին.
2) վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը, համապատասխան հիմնավորմամբ, ինչպես նաև առկայության դեպքում՝ ամսական վարձավճարի վերաբերյալ գրավոր առաջարկությունը.
3) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև վարձակալության տրամադրվող անշարժ գույքի (տարածքի) հատակագիծը.
4) չօգտագործվող գույքն իր կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով օգտագործելու դեպքում՝ գույքի վերաբերյալ սույն կետում նախատեսված տվյալները և համապատասխան ձևով օգտագործման հիմնավորումը։
8. Սույն որոշմամբ սահմանված ձևերով վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձակալական վճարների մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում և որակավորում ունեցող անկախ գնահատողի կողմից։
Կազմակերպություններում կրթական, մշակութային, սպորտային խմբակների և սովորողների սննդի կազմակերպման համար տարածքներն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին վարձակալության տրամադրման դեպքում՝ վարձակալական վճարի մեծության նկատմամբ կիրառվում է զեղչ՝ տվյալ տարածքի շուկայական գնահատված արժեքի 50 տոկոսի չափով։
9. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 7-րդ կետով վարձակալության տրամադրման նպատակով պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը (այդ թվում՝ մեկնարկային գնի վերաբերյալ) սահմանված ժամկետում ստանալուց հետո, ինչպես նաև կոմիտեին ամրացված գույքից ազատ տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը, գույքի գնահատման հաշվետվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրել կոմիտեի պաշտոնական կայքում և «www.azdarar.am» կայքում, որը պետք է ներառի տեղեկատվություն գույքի գտնվելու վայրի, մակերեսի, ամսական վարձավճարի մեծության (աճուրդի և մրցույթի դեպքում՝ մեկնարկային գնի), վարձակալության տրամադրման ձևի և վարձակալության նպատակով հայտեր ներկայացնելու ժամկետների մասին։
10. Սույն որոշման համաձայն վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրել կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին փոխանցելու համար:
12. Կազմակերպությունների և հիմնադրամների կառավարումն իրականացնող իրավասու մարմինների ղեկավարներին՝ սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերով սահմանված դրույթների պահանջներից ելնելով՝ համապատասխան փոփոխություններ կատարել իրենց ենթակայության կազմակերպությունների և հիմնադրամների կանոնադրություններում:
13. Սույն որոշումը չի կանոնակարգում կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը, օգտագործման իրավունքի մասին պայմանագրերին համապատասխան, մինչև 15 օր ժամավճարով (ընդ որում՝ նշված ժամկետը 1 տարվա մեջ չի կարող գերազանցել 60 օրացուցային օրը), ինչպես նաև թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից երրորդ անձանց կրթամշակութային, թատերահամերգային միջոցառում իրականացնելու համար տրամադրվող տարածքների օգտագործման և ծառայությունների մատուցման գործընթացը։ Ընդ որում՝ նշված գործընթացը կանոնակարգում է տվյալ մարմի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը)։
14․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի տիպային օրինակելի ձևը՝ դրանցում սահմանելով դրույթ, որի համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված վարձավճարի նվազագույն մեծության փոփոխման (ավելացման) դեպքում վարձատուի պահանջով վարձավճարի չափը ենթակա է վերահաշվարկման:
15. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալության տրամադրման համար կնքված վարձակալության պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը, իսկ տվյալ հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանված կարգերով:
16. Կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգերին համապատասխանությունը պարզելու նպատակով կարող է իրականացնել կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին ամրացված գույքից վարձակալության տրամադրված գույքի ուսումնասիրություն ու հայտնաբերված թերությունները տեղեկացնել լիազոր մարմնին և իրականացնել օրենսդրությամբ սահմանված քայլեր։
17. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը լիազորություններ տալու մասին» N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու կարգը, մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշումները։
18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։