4 Հունիսի 2020, 877 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1267-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ի N 1483-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1267-Ն որոշման N 1 հավելվածը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին, 21.2-րդ և 21.3-րդ կետերով․
«21.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության զեկույցների պատրաստման նպատակով, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվում են տվյալ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը, անհրաժեշտության դեպքում` այլ շահագրգիռ պետական մարմիններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ՝ այլ անձինք կամ կազմակերպություններ։
21.2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կողմից զեկույցը մշակվելուց հետո այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ և դրանում նշված ժամկետներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն ապահովում է զեկույցի օտար լեզվով թարգմանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապահովում է դրա փոխանցումը համապատասխան միջազգային կազմակերպությանը:
21․3․ Սույն կարգի 21.1-ին կետի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողով կամ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության բացակայության դեպքում՝ տվյալ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը պատրաստում է զեկույցը և ներկայացնում այն համապատասխան միջազգային կազմակերպությանը, ինչպես նաև ի գիտություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ պատճենը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։»։
2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: