Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2020, 863 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲԱՆԱԿԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքի 7.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ (այսուհետ՝ մարզական ակումբ):
2. Մարզական ակումբի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի 5:
3. Սահմանել, որ մարզական ակումբի`
1) գործունեության նպատակն է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին և պարասպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը.
2) խնդիրներն են՝
ա. նախազորակոչային տարիքի պատանիների նախապատրաստումը զինված ուժերի հավաքական թիմերում և դրանց ռեզերվներում ընդգրկումը,
բ. զինծառայողների ու նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների, նրանց ընտանիքների անդամների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների ստեղծումը,
գ. ռազմակիրառական մարզաձևերի զարգացումը.
3) գործառույթներն են`
ա. մասնագիտական հատուկ պատրաստության ծառայությունների մատուցումը,
բ. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմերի մարզումների կազմակերպումը, այդ թվում՝ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց նյութատեխնիկական ապահովումը,
գ զինվորականների միջազգային մարզական միջոցառումներին հավաքական թիմերի մասնակցության կազմակերպումը,
դ. մասնագիտական հավաքների կազմակերպումը,
ե. նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների մարզական կրթության կազմակերպումը,
զ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ուսումնակրթական գործունեության իրականացումը,
է. մարզական ակումբի նպատակների իրականացմանը և խնդիրների կատարմանն ուղղված օրենքով չարգելված միջոցառումների իրականացումը:
4. Սահմանել, որ մարզական ակումբն իր գործունեության նպատակի, խնդիրների և գործառույթների շրջանակներում՝
1) լիցենզավորման ենթակա գործունեություն կարող է իրականացնել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա.
2) կարող է իրականացնել վճարովի ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով հաստատված կարգով, պայմաններով և չափերով։
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը, կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրակցող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը` նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023