Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2020, 794 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին (այսուհետ՝ բուհ) հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի 1111 «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության» ծրագրի 12004 «Բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» միջոցառման շրջանակում նախատեսված միջոցների հաշվին:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հատկացվող ֆինանսական միջոցներից ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի`
1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին (ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով).
2) 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքի առկայությամբ) կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության, տարեկան ուսման վարձի մինչև 20 տոկոսի չափով, ընդ որում, սույն որոշմամբ տրամադրվող փոխհատուցման գումարի չափը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1464-Ն որոշման շրջանակներում տրված գումարի չափը.
3) գաղտնի:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ֆինանսական միջոցները բուհերին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: