Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2020, 728 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 357-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» N 357-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 3-րդ կետի 1-ին ենթակետը «գործունեություն» բառից հետո լրացնել «(համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի)» բառերով.
2) 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում «երեք» բառը փոխարինել «6» թվով.
3) 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հումքի (բացառությամբ վառելանյութի) գնում կամ ներմուծում՝ պայմանով, որ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը և հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, կամ հաշվարկային փաստաթղթերը տրվել են փետրվարի 1-ից հետո և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ տվյալ տնտեսավարողի արտադրական, ծառայությունը մատուցելու և սպասարկումը կազմակերպելու նպատակներով։ Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ներդրումների աջակցման կենտրոնը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի)»․
4) 5-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) տնտեսավարողի կողմից արտադրական կամ ծառայությունների մատուցման նպատակով անշարժ գույքի և հողամասի վարձակալական վճարներ, եթե տնտեսավարողն ունի փետրվար 1-ի դրությամբ գործող պայմանագիր։ Ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով:».
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
1) արժույթը՝ դրամ.
2) ժամկետը՝ 36 ամիս, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում.
3) մեկ տնտեսավարող սուբյեկտի վարկի առավելագույն չափը՝ 50 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան տնտեսավարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10%-ը․
4) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումով՝ ծախսերի նպատակայնությունը հաստատելուց հետո, վարկի հաստատմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում.
5) օժանդակության գործիքները կիրառվում են առանց դրանց համար վարկային միջոցների տրամադրման վճարների գանձման՝ բացառությամբ այն դեպքի, եթե տնտեսավարողը չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված պահանջին: Այդ դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո՝ անմիջապես: