12 Մայիսի 2020, 725 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև ս. թ. մայիսի 20-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչ այդ գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման պայմաններով սուբսիդավորման օժանդակության ձևով վարկերի տրամադրումը դադարում է, իսկ համաֆինանսավորման և վերաֆինանսավորման օժանդակության ձևով վարկերի տրամադրումը շարունակվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ, որից հետո դադարում է: Ընդ որում, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված և սույն կետով նշված վարկերի սպասարկումը շարունակում է իրականացվել միևնույն պայմաններով:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման հիման վրա վարկեր ստացած տնտեսավարողները չեն կարող օգտվել սույն որոշմամբ սահմանված միջոցառումից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: