Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2020, 700 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ)՝
1) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«2020 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետարաններ մինչև 2020 թվականի մայիսի 26-ը:».
2) 11-րդ կետը «ապրիլի 30-ը» բառերից հետո լրացնել «, իսկ 2020 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2020 թվականի հունիսի 1-ը:» բառերով.
3) 12-րդ կետի 5-րդ ենթակետում «սարքավորումների և տեխնիկայի» բառերը փոխարինել «մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի» բառերով.
4) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«2020 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2020 թվականի հուլիսի 20-ը».
5) 24-րդ կետի աղյուսակում «Ծրագրի ոլորտ» սյունակը «Մեքենասարքավորումների» բառից հետո լրացնել «, տեխնիկայի և գույքի» բառերով:
2. Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին, 22.2-րդ և 22.3-րդ կետերով՝
«22.1. Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման շրջանակներում յուրաքանչյուր մարզի տարածքում նախատեսվող մինչև 150.0 մլն Հայաստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժողությամբ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման աշխատանքները՝ ըստ տեսակների, համախմբվում են մեկ չափաբաժնում և դրանց, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման մրցակցային ընթացակարգերը կազմակերպում է համապատասխան մարզպետարանը՝ կենտրոնացված կարգով: Գնման ընթացակարգը կազմակերպվում է մրցակցային ձևով, որի ընտրությունն իրականացնում է մարզպետարանը՝ հիմք ընդունելով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
22.2. Սույն կարգի 22.1-ին կետում նշված գնման առարկաների ձեռքբերման մասով սուբվենցիոն ծրագրերը հաստատվելուն հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարը մարզպետարան է ներկայացնում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված գնման հայտերը: Գնահատող հանձնաժողովների կազմում ընդգրկելու նպատակով գնման հայտերի հետ միաժամանակ ներկայացվում են նաև գնահատող հանձնաժողովի մեկական թեկնածություններ: Ստացված գնման հայտերի հիման վրա մարզպետարանը հաստատում և տեղեկագրում հրապարակում է կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանը: Ընդ որում՝
1) հինգ և ավելի համայնքների դեպքում յուրաքանչյուր համայնք գնման յուրաքանչյուր հայտի մասով ներկայացնում է մեկ թեկնածություն, իսկ գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են այն հինգ համայնքների թեկնածուները, որոնց գնումները տվյալ ընթացակարգի շրջանակում ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ.
2) հինգից պակաս համայնքի դեպքում յուրաքանչյուր համայնք ներկայացնում է երեք թեկնածություն, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բոլոր համայնքներից թեկնածուներ՝ հաշվի առնելով գնահատող հանձնաժողովի անդամների թվին ներկայացվող սահմանափակումները.
3) գնահատող հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն համայնքի ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարվող գնումը տվյալ ընթացակարգի շրջանակում ունի ամենամեծ տեսակարար կշիռը:
22.3. Կենտրոնացված կարգով գնումների կազմակերպումը, պայմանագրերի կնքումը, պայմանագրերի արդյունքների ընդունումը և դրանց դիմաց վճարումների կատարումն իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով, որ՝
1) յուրաքանչյուր համայնքի կարիքի բավարարման համար ընտրված մասնակցի հետ մարզպետարանը կնքում է առանձին պայմանագիր, որով նախատեսվում է նաև, որ պատվիրատուի իրավունքների և պարտականությունների իրականացումն ապահովում է տվյալ համայնքը.
2) գնման ընթացակարգի մասնակիցները հայտի ապահովումը ներկայացնում են մարզպետարանի, իսկ որակավորման և պայմանագրի ապահովումները՝ համապատասխան համայնքի անվամբ.
3) համայնքի կողմից պայմանագրի արդյունքն ընդունելու մասին որոշումը նախապես համաձայնեցվում է մարզպետարանի հետ:»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: