17 Ապրիլի 2020, 576 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 416-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին և 14.2-րդ կետերով.
«14.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կառույցի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վճարման հանձնարարական և այն ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ հայտերով պահանջվող գումարները Կառույցին փոխանցելու նպատակով։ Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համաֆինանսավորման գումարը փոխանցվում է Կառույցի բանկային հաշվին:
14.2. Նպատակային վարկերի համաֆինանսավորման գումարը Կառույցին փոխանցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները՝
1) Կառույցի անվանումը.
2) Կառույցի ՀՎՀՀ-ն.
3) հաշվի համարը.
4) համաֆինանսավորման գումարի չափը։».
2) որոշման N 3 հավելվածում՝
ա. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային պայմանագրի կնքման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վճարման հանձնարարական և այն ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ արտոնյալ վարկի գումարը Ֆինանսական կազմակերպությանը փոխանցելու նպատակով։ Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում արտոնյալ վարկի գումարը փոխանցվում է Ֆինանսական կազմակերպության բանկային հաշվին:»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Արտոնյալ վարկի գումարը Ֆինանսական կազմակերպությանը փոխանցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները՝
1) Ֆինանսական կազմակերպության անվանումը.
2) Ֆինանսական կազմակերպության ՀՎՀՀ-ն.
3) հաշվի համարը.
4) վարկի գումարի չափը։»։
2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի մարտի 31-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: