9 Ապրիլի 2020, 501 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 359-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով ու 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 359-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Միջոցառման շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպութունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների), որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-50 վարձու աշխատակից և նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: Ընդ որում, տնտեսավարողների աշխատակիցների քանակի և հաշվարկված եկամուտների հաշվարկման կարգը սահմանվում է սույն որոշման 2-րդ կետի հիման վրա ընդունված կարգով».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Միանվագ դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԱՉ=(ԱՀ:ԱՔ)*(ԱՔ:5)
որտեղ՝
ԱՉ – պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է,
ԱՀ – տնտեսավարողի բոլոր աշխատողների համար հաշվարկված եկամուտների հանրագումարն է,
ԱՔ – տնտեսավարողի աշխատողների քանակն է,
ընդ որում (ԱՔ:5) բանաձևը կլորացվում է դեպի ներքև:».
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված բանաձևը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
1) մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին.
2) 5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝
ա. հաշվարկվում է տնտեսավարողի 2020 թվականի մարտ ամսվա ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020 թվականի մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանած աշխատակիցների թվին,
բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,
գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը և կլորացնում մինչև միավոր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես: