Կառավարության որոշումներ

31 Մարտի 2020, 416 - Լ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի NN 355-Լ, 356-Լ, 357-Լ որոշումները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ հաստատված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 356-Լ որոշմամբ հաստատված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշմամբ հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև սույն որոշման շրջանակում կնքվում է ֆինանսական գործակալության պայմանագիր, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հանդես է գալու որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործակալ.
2) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով սահմանված միջոցառումների ֆինանսավորման համար ծախսերի կատարման հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառումների իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
3) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով հաստատված կարգով սահմանված միջոցառումների համար ֆինանսական միջոցների հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառման իրականացման պատասխանատու մարմին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո անմիջապես։
 

հավելված