22 Մարտի 2020, 324 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Պարետի որոշմամբ կարող են սահմանվել ՀՀ-ից ելքի առանձնահատկություններ:».
2) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 5. Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատախան զննություն անցնելուց հետո բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, մեկուսացումից (ինքնամեկուսացումից) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում անձինք կարող են ժամանակավորապես մեկուսացվել պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով: Սույն կետից բացառությունները կարող են սահմանվել պարետի որոշմամբ։».
3) հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով կամ առանձին համայնքներում կարող է արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: