12 Մարտի 2020, 306 - Ն
ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1835-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով և Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը՝ համաձայն հավելվածի.
2) որ հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրերի հրապարակման եղանակով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում, հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձին սեփականության իրավունքով պատկանող` հարկային տարվա գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը սահմանելու մասին N 1835-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: