Կառավարության որոշումներ

20 Փետրվարի 2020, 193 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով և 67-րդ ու 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը` 99.130.68183, հասցեն` Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին 1101, Իսի-Լե-Մուլինո N 1/5):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
4. Սահմանել, որ՝
1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո պետական բաժնեմասին համապատասխան դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում անշարժ գույքն անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի, իսկ շարժական գույքը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:

 

 

Արխիվ

2024

2023