Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2020, 171 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 865-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող այն ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, որոնց ներմուծման դեպքում «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին (այսուհետ՝ օրենսգիրք) համապատասխան կիրառվում են միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր և հարկեր՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք տարանցման մաքսային հայտարարագրով կամ ուղևորային մաքսային հայտարարագրով կամ այլ փաստաթղթերով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված (բացառությամբ օդային փոխադրումների) Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու հանգամանքը հայտնի դառնալու օրն առձեռն կամ փոստային եղանակով սույն որոշման N 3 հավելվածով սահմանված օրինակելի ձևով ծանուցումը հանձնվում է ֆիզիկական անձին` մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու նպատակով:
3. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող քանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման բազան որոշվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար հարկերը վճարվում են ներմուծվող ապրանքների` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված չափաքանակները գերազանցող մասի համար:
5. Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 2106909200, 2106909803, 2106909809 ծածկագրերին, 30-րդ խմբին, 3913 ապրանքային դիրքին, 93-րդ և 97-րդ խմբերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանած կարգերով:
6. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափաքանակները չեն տարածվում՝
1) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա.
2) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը՝ 150 հազ. դրամը:
7. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված՝ միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը ու հարկերը, ինչպես նաև միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը ենթակա են վճարման օրենսգրքով սահմանված կարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափաքանակների և դրույքաչափերի համաձայն:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի N 502-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 865-Ն որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

Հավելված

 

 

Արխիվ

2024

2023