Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2019, 1963 - Ա

«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետին, 67-րդ և 68-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Արցախի 8բ, պետական գրանցման համարը՝ 278.070.01147):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) «ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին.
2) լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
3. Սահմանել, որ՝
1) «ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «ՀՀ առողջապահության նախարարության «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը: