26 Դեկտեմբերի 2019, 1955 - Ն
ԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԻՐԵՆՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ կետերը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման 3-րդ հավելվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեության բոլոր ոլորտներում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով կամ օրենքով այդպիսի իրավունք սահմանված լինելու դեպքում՝ առանց թույլտվության։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: