Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2019, 1831 - Ա

«ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետով, 3-րդ մասով և 24-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարու-թյունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի 1-ին փողոցի N 3 հասցեում գտնվող դպրոցի շենքը՝ 1147298 դրամ սկզբնական արժեքով ու 252.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.2 հեկտար մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ գույք) (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 27022018-05-0021), հետ վերցնել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:
2. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 58.210.00295) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 58.210.00315):
3. Սահմանել, որ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված գույքի հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև գույքի կազմի միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.
4) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերին տեղեկացնել կազմակերպության վերակազմակերպման մասին:
5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հետագա տնօրինման վերաբերյալ.
2) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2018 թվականի փետրվարի 19-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 30/0018 պայմանագիրը լուծել և կնքել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիր: