Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2019, 1791 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 982-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու, ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններն ու ավիաընկերությունների գնառաջարկների միջև ընտրության չափորոշիչներ կիրառելու կարգը հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» N 982-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-ին բաժնի 3-րդ կետը.
2) որոշման հավելվածի 3-րդ բաժնի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«7) նվազագույն ծախսերի կանոնը
Այն դեպքում, երբ, համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս, արտացոլված և ընտրության ընդհանուր չափորոշիչներին չհամապատասխանող ավիատոմսի ձեռքբերումը, որը որոնման համակարգում թեկուզև նշված է «կարմիր» պիտակով, փաստացի ենթադրում է ավելի քիչ ծախս, քան նախատեսվող հյուրանոցային ծախսերի և ընդհանուր չափորոշիչներին համապատասխանող ավիափոխադրման ծախսերի հանրագումարն է, ապա թույլատրելի է համարվում այդպիսի ավիատոմսի ամրագրումը, եթե պատվիրատուի կողմից նշանակված հաստատողը համակարգում կատարում է նշում՝ «Կիրառվել է նվազագույն ծախսերի կանոնը»՝ միաժամանակ հիմնավորող փաստաթղթերում պահպանելով տվյալ կանոնի կիրառման համար հիմք հանդիսացող տվյալները և փաստաթղթերը.
8) կորուստների նվազեցման կանոնը
Այն դեպքում, երբ, ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից կամ այլ հիմնավոր և ողջամիտ պատճառի առաջացման պարագայում մեծ է ձեռք բերվող ավիատոմսի պայմանների ժամկետի փոփոխությունների կամ չեղարկումների առաջացման հավանականությունը, և գործուղումն իրականացվում է հինգ և ավելի օր ժամկետով, ապա թույլատրվում է ձեռք բերել համակարգում տվյալ պահին որոնում կատարելիս՝ արտացոլված և ընտրության ընդհանուր չափորոշիչներին չհամապատասխանող, «կարմիր» պիտակով նշված և նմանօրինակ ռիսկերի առաջացման պարագայում հնարավոր ֆինանսական կորուստներից ապահովագրված ավիատոմս՝ պայմանով, որ դրա գինը չի գերազանցում տվյալ պահին համակարգում նվազագույն արժեք ունեցող ավիատոմսի արժեքը՝ մինչև 25 տոկոսի չափով: Ընդ որում, ավիատոմսի պայմանների ժամկետի փոփոխությունների կամ չեղարկման համար հիմք են պատվիրատուի կողմից հավաքագրված ողջամիտ ապացույցների, փաստաթղթերի առկայությունը և պատշաճ կերպով պատճառաբանված գրավոր եզրակացությունը: Այդպիսի ավիատոմսի ամրագրումը թույլատրելի է համարվում, եթե այն հաստատողը համակարգում կատարում է նշում՝ «Կիրառվել է կորուստների նվազեցման կանոնը»՝ միաժամանակ հիմնավորող փաստաթղթերում պահպանելով տվյալ կանոնի կիրառման համար հիմք հանդիսացող տվյալները և փաստաթղթերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: