Կառավարության որոշումներ

19 Սեպտեմբերի 2019, 1259 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ներառված կազմակերպություններից ընդունել ցանկում ներառված՝ վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաները:
2. Սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ներառված ավտոմեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Սույն որոշման N 2 հավելվածի ցանկում ներառված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրատվության պայմանագրի հիման վրա նվիրել սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին:
4. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել 2001 թվականին թողարկված «Տոյոտա (Land Cruiser) 100 4,5i» մակնիշի, 001 LU 05 պետհամարանիշի, JTEHJ09J125036390 նույնականացման համարով, 14.990.000,0 դրամ սկզբնական արժեքով,  4.871.700,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռին ամրացված՝ 2014 թվականին թողարկված «Հունդայ Գրանդ Սանտա Ֆե» մակնիշի, 550 UU 55 պետհամարանիշի, KMHSN81EDEU060761 նույնականացման համարով, 20.500.000,0 դրամ սկզբնական արժեքով, 10.880.800,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռին:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 3-րդ կետերում նշված գույքի՝ օրենքով սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրերի կնքումը և տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների կատարման հետ կապված ծախսերն իրականացնել նվիրատվություն ընդունող կազմակերպությունների հաշվին: